24/08/2017 18:46
Կարեն Միրզոյան. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության
ԱՄՆ համանախագահ Ռիչարդ Հոգլանդի կողմից հնչեցված ԼՂ հակամարտության տարրերը նորություն չեն պարունակում և հանդիսանում են բազմիցս հրապարակված Մադրիդյան սկզբունքների բառափոխում, հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը՝ մեկնաբանելով Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ:
«Մեր դիրքորոշումը այդպիսի առաջարկների վերաբերյալ հայտնի է և մնում է անփոփոխ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած մոդել, եթե այն միտված է ապահովել կայուն և հարատև խաղաղություն, անհնար է առանց արցախյան կողմի լիարժեք մասնակցության բանակցային գործընթացի բոլոր փուլերին և չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները», - նշել է նա:
«2016թ․ ապրիլի պատերազմը ակնառու կերպով ցուցադրեց, որ իրականությունից կտրված մոտեցումները վտանգավոր են, և կարող են ճանապարհ հարթել անկանխատեսելի զարգացումների համար։ Այսօր, նախևառաջ, անհրաժեշտ է հետևողական քայլեր ձեռնարկել խաղաղ գործընթացի անշրջելիության ապահովման և ձեռք բերված պայմանավորվածությունների, մասնավորապես, հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի իրագործման ուղղությամբ։ Չիրականացված պայմանավորվածությունները կուտակվելով՝ վերածվում են բալաստի և խոչընդոտում են բանակցություններում դրական տեղաշարժի հնարավորությունը», - հայտարարել է Արցախի ԱԳ նախարարը։