24/08/2017 13:45
Խոսրովի հրդեհից հետո ԱԻՆ-ը տեխնիկական հագեցվածության բարձրացման խնդիրը ներկայացրել է նախագահին և վարչապետին. Տոնոյան
Վերջին շրջանում ՀՀ տարածքում խոշոր անտառային հրդեհներից հետո ԱԻՆ տեխնիկական հագեցվածության վերաբերյալ արվել են համապատասխան եզրակացություններ, որոնք ներկայացվել են նախագահին և վարչապետին, այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
«Պետք է հաշվի առնել, որ ռազմական լեզվով ասած մենք գործում էինք երկու «թատերաբեմում»: Երկու օր զուգահեռ աշխատանքներ էին տարվում և՛ Խոսրովի արգելոցում, և՛ Արտավանի անտառներում: Իհարկե, տեխնիկական միջոցները` ամենագնաց մեքենաները և ԶՈւ տրամադրած ուղղաթիռները, թույլ չէին տալիս արձագանքել պատշաճ ձևով: Նաև ռելիեֆի կտրտվածությունն էր խանգարում: Որոշ եզրակացություններ արվել են, որոնք ներկայացվել են հանրապետության նախագահին և վարչապետին` մեր հագեցվածությունը բարձրցնելու առումով», - ասաց Դավիթ Տոնոյանը:
Անդրադառնալով հարցին` ինչո՞ւ ՌԴ ԱԻՆ համապատասխան ինքնաթիռը ներգրավվելու խնդրանքը չեղավ ավելի վաղ, նախարարը պատասխանեց.
«Չենք դիմել ավելի վաղ, քանի որ իրավիճակի գնահատականը թույլ չէր տալիս այդպիսի ինքնաթիռ խնդրելու, երբ սկսեցին այրվել անտառները, ոչ թե խոտածածկը, միանգամից դիմեցինք», - ասաց Դավիթ Տոնոյանը:
Նա նշեց` ԱԻՆ հագեցվածության բարձրացման համար կառավարության կողմից պարբերաբար հատկացվում են միջոցներ, աջակցում են նաև միջազգային գրանտային ծրագրերը:
«Այս սուղ միջոցների պայմաններում նաև տարբեր միջազգային համագործակցության շրջանակներում ենք ձեռք բերվում տեխնիկա, օրինակ, Երևանում կիրառվում են հրշեջ մեքենաներ, որոնք տրամադրվել են Ճապոնիայի կողմից գրանտային ծրագրերով: Այսպիսին է իրավիճակն այսօր, սակայն մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք այն բարելավվել», - ամփոփեց ԱԻ նախարարը: