25/08/2017 09:38
Տնօրեններն անտեղյակ են, որ իրենց դպրոցները փակվելու են. «Ժողովուրդ»
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ ՀՀ կառավարությունը տհաճ անակնկալ է նախապատրաստել դպրոցների համար: ՀՀ կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունները երեկ ՀՀ կառավարությանն են ներկայացրել մի շարք դպրոցների խոշորացման վերաբերյալ որոշման նախագծեր:
Ասել է, թե 2017-2018 ուսումնական տարում շատ դպրոցներ պարզապես կփակվեն, և ուսուցչական կոլեկտիվը կդառնա գործազուրկ: Բայց այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ փակվող դպրոցների տնօրենները, բանից անտեղյակ, պատրաստվում են սեպտեմբերի 1-ին:
Օրինակ՝ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի դպրոցի տնօրեն Գագիկ Մարաբյանը «Ժողովուրդ» թերթից է տեղեկացել, որ կառավարությունը որոշել է իրենց դպրոցը փակել՝ միացնելով Արտավազդի դպրոցին:
«Բայց ես տեղյակ չեմ: Նույնիսկ պաշտոնապես այդ մասին որևէ մեկից չեմ լսել: Հիմա ես, ինչպես անցած տարի, բնականոն հունով աշխատում եմ, գրքեր եմ ստացել...», - ասել է նա: