25/08/2017 11:45
Հոգլանդի հայտարարության առաջին երկու կետերը ավելի քան կարևոր են, քանի որ կարգավիճակի հետ կապված հարցրեր են շոշափում. Ստեփան Գրիգորյան
Դրական է, որ Միացյալ Նահանգները ակտիվ սկսեց զբաղվել Ղարաբաղի հարցով, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի պաշտոնակատար Ռիչարդ Հոգլանդի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հրապարակած հիմնական կետերին։
«Հայաստանի քաղաքական ուժերի մեջ մի հարցում կա կոնսենսուս, որը հետևյալն է՝ եթե միայն Ռուսաստանը կարգավորի Ղարաբաղի հարցը, մենք կկորցնենք Ղարաբաղը: Ուրեմն շատ դրական է, որ ամերիկյան համանախագահողը ակտիվ զբաղվում է Ղարաբաղի հարցով: Միացյալ Նահանգները ակտիվ են, ինչը շատ դրական է», - ընդգծեց քաղաքագետը:
Վերջինս ընդգծեց՝ մշտապես կա վտանգ, որ Ռուսաստանը իր ուզած ձևով կլուծի Ղարաբաղի հարցը. «Թուրքիայի և Արդբեջանի՝ ԵՏՄ մտնելու խաղերը ես կապում եմ միայն Ղարաբաղի հարցի հետ: Թուրքերի համար մեծ ցավ է, որ Ղարաբաղի հարցը չի լուծվում ի օգուտ Ադրբեջանի: Եթե նախկինում Ադրբեջանն էր խաղեր տալիս՝ կմտնի՞ ԵՏՄ, թե՞ ոչ, հիմա թուրքերը սկսեցին այդ խաղերը», - նկատեց նա:
Ստեփան Գրիգորյանն ընդգծեց, որ ԱՄՆ-ն փաստում է՝ կան Մադրիդյան սկզբունքներ, որոնցից ելնելով պետք է առաջնորդվել: Քաղաքագետը նկատեց, որ վերջին 4 տարվա ընթացքում չկան բանակցություններ, կողմերը միայն խոսում են զորքերը դուրս բերելու մասին, իսկ Հոգլանդի հայտարարության առաջին երկու կետերը ավելի քան կարևոր են, քանի որ կարգավիճակի հետ կապված հարցրեր են շոշափում:
«Առաջին երկու կետերի մեջ կարգավիճակի հետ կապված հարցն է դրված: Այս ինչպե՞ս ոչ ոք չնկատեց, որ միշտ առաջին կետում դրվում էր զորքերի դուրս բերելու հարցը, իսկ հիմա որակապես տարբերություն կա: Ամերիկյան դիրքորոշումը շատ օբյեկտիվ է և համապատասխանում է մեր շահերին», - հավելեց նա: