26/08/2017 10:03
Քիմպրոմի աշխատակիցների աշատավարձի պարտքը չի մարվել. Նրանք շարունակում են պահանջել իրենց չվճարած աշխատավարձները. «Առավոտ»
«Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի նախկին աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց չվճարած աշխատավարձները։ Ընկերությունը դատարանի որոշմամբ 153 աշխատակցի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին՝ մոտ մեկ ամիս, քիմպրոմցիները շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում գործարանի բակում, նրանք փակել էին գործարանի մուտքը։
Այդ ընթացքում բողոքի ակցիայի մասնակիցներին էր հանդիպել «Վանաձոր-Քիմպրոմ»-ի սեփականության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը։ Վերջինս խոստացել էր մինչև հուլիսի 21-ը աշխատավարձի խնդիրը լուծել։
«Եկավ մեր առաջ կանգնեց տղամարդու խոսք տվեց, համոզիչ ու հուսադրող բառեր ասեց։ Մենք էլ հավատացինք, որ իսկապես ինչ-որ քայլեր են ձեռնարկվում մեր հարցի լուծման համար։ Հավատացինք, բայց հիմա, զգում ենք, որ էլի խաբված ենք, էլի չտվեցին աշխատավարձերը։ Բոլորս էլ կարիքի մեջ ենք։ Դա էլ մեր հալալ քրտինքով աշխատած փողերն են, ո՞նց թողնենք», - ասել է ընկերության նախկին աշխատակից Զորիկ Բաբաջանյանը։
Հանդիպումից հետո, սակայն, որևէ մեկի աշխատավարձի պարտքը չի մարվել։ Աշխատակիցները կրկին սպասում են որևէ պատասխանի։