25/08/2017 22:51
Ռիչարդ Հոգլանդի հրապարակած կետերը Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար. ԱՄՆ դեսպան
«ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի նախօրեին հրապարակածը Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների կողմից վերահաստատված սկզբունքներն են, որոնք Հայաստանի կառավարությունը հիմք է ընդունել ղարաբաղյան բանակցությունների համար», - «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:
«Այո, դեսպան Հոգլանդը երեկ խոսել է և վերահաստատել տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որ մենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, որպես ԱՄՆ կառավարություն ասել ենք՝ դրանք հիմք կհանդիսանային Լեռնային Ղարաբաղի հակամարտության որևէ կարգավորման համար: Երկու կետ կնշեմ դեսպան Հոգլանդի մեկնաբանությունների վերաբերյալ: Առաջին՝ սա տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքների մասին կրկին արված հայտարարություն է, որի մասին նշել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ուորլիքը 2014-ին: Վեց սկզբունքները, որոնք նա հրապարակեց, արտահայտում են տևական ժամանակ գոյություն ունեցող սկզբունքները, որոնք վերահաստատվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր համանախագահող երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ Հայաստանի կառավարությունը նույնպես դրանք ընդունել է որպես հակամարտության կարգավորման բանակցությունների հիմք: Ես նաև կվերահաստատեի, որ սկզբունքները ամբողջական են», - նշել է Ռ.Միլսը:
«Որոշ մեկնաբանությունների եմ հանդիպել սոցիալական ցանցերի հայաստանյան հատվածում, լրատվամիջոցներում՝ ի պատասխան դեսպան Հոգլանդի հայտատարության, որոնք առանձնացնում են որոշ սկզբունքներ: Ուղղակի կասեմ, որ բոլոր այդ սկզբունքները բանակցությունների առարկա են, մեկը մյուսից ավելի կարևոր չէ, որևէ նշան չկա, որ մեկը ավելի շուտ է կյանքի կոչվելու, քան մյուսը: Այդ բոլորը մի փաթեթի մաս են, և սխալ կլինի կենտրոնանալ մեկ սկզբունքի վրա, երբ դիտարկում եք կարգավորման համար անհրաժեշտ այս առանցքային սկզբունքները», - նշել է դեսպանը:
Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը News.am-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռ.Հոգլանդի հրապարակած կետերը, ընդհանուր առմամբ, արտահայտում են Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ ընդունված հինգ հայտնի հայտարարությունների դրույթները:
«Իր մեկնաբանության մեջ նա փորձել է հավատարիմ մնալ դրանց, սակայն թույլ է տվել որոշ անճշտություններ ու բացթողումներ: Բայց նորից եմ կրկնում, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ դիրքորոշումն արտահայտվում է ոչ թե առանձին մեկնաբանության, այլ համանախագահ երկրների համատեղ առաջարկությունների և հայտարությունների միջոցով, մասնավորապես, նախագահական մակարդակով ընդունված հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են եռանախագահների կողմից, ինչպես օրինակ նախորդ տարվա դեկտեմբերին Համբուրգում համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ: Սա է Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումը», - News.am-ին ասել է Է.Նալբանդյանը: