28/08/2017 11:46
Մահացել է ռեժիսոր Անտոն Աղայանցը
77 տարեկան հասակում Երևանում մահացել է ռեժիսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Անտոն Աղայանցը։ Նրա հոգեհանգիստը տեղի կունենա օգոստոսի 28-ին, ժամը 18:00-ին՝ «Լյուար» սգո սրահում (Շահումյան գերեզմանոցի հարևանությամբ): Վերջին հրաժեշտը՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին՝ նույն վայրից:
Անտոն Աղայանցը ծնվել է Լենինգրադում( Սանկտ Պետերբուրգ)։ Սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա կրթությունը շարունակել Լենինգրադի թատերական արվեստի ակադեմիայի ասպիրանտուրայում: 963թ-ից աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում:
Հեռուստաթատրոնում բեմադրել է Սկառնաչչիի և Տարաբուզիի՝ «Սինյոր Պապագատտո», Քալանթարյանի՝ «Մովսես ապերը», Խանզադյանի՝ «Քարանձավի բնակիչները», Գոլդոնիի՝ Երկու տիրոջ ծառա», Տեր-Գրիգորյանի՝ «Մեռնող ֆլորան» և այլ պիեսներ:
Դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում:
Հաղորդավար, դերասանուհի Նոննա Զոտովայի ամուսինն էր: