28/08/2017 11:29
Ըմբշամարտում կարևոր փոփոխություններ են սպասվում
Մասնագետների ճնշող մեծամասնության համոզմամբ՝ ըմբշամարտը, հատկապես հունահռոմեական ոճի, գործող ներկայիս կանոններով գրեթե ամբողջովին կորցրել է դիտարժանությունը, ուստի ըմբշամարտում փթոփոխություններ են սպասվում, այս մասին Aysor.am-ը տեղեկանում է ՀԱՕԿ պաշտոնական կայքից:
Փարիզում անցկացված ըմբշամարտի աշխարհի առաջնության օրերին ընթանում էր UWW համաժողովը, որտեղ քննարկվել են մարզաձևում անհրաժեշտ մի շարք էական փոփոխությունների հետ առնչվող հարցեր:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ, միջազգային օլիմպիական կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը, որը Փարիզում էր որպես մրցավար, ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ներկայացրել է ակնկալվող փոփոխությունները.
«Նախնական տարբերակով 2018 թ. հունվարի 1-ից հունահռոմեական ըմբշամարտում վերականգնվելու է պարտեր դրությունը, բայց ոչ թե չորեքթաթ դիրքով, ինչպես նախկինում էր, այլ՝ պառկած: Իսկ մրցակիցն աշխատել սկսելու է կողքից, այլ ոչ թե թիկունքից: Առաջին երկու րոպեներին միավոր չլինելու դեպքում նախատեսվում է պասիվ ըմբիշին նկատողություն եւ պարտեր դիրք, իսկ ակտիվ ըմբիշին՝ մեկ միավոր: Երկրորդ մրցափուլում պասիվ մարզիկին կտրվի պարտեր դրություն, մրցակցին՝ մեկ միավոր: Բայց դա կլինի երկրորդ մրցափուլի ոչ թե վերջին րոպեին, այլ գոտեմարտի 4:30-րդ րոպեին: Սրանք փոփոխությունների նախնական տարբերակներն են, որոնք ուժի մեջ մտնելու են եկող տարվա հունվարի 1-ից: Վերջնական հաստատված կանոնները UWW-ն ազգային ֆեդերացիաներին պետք է որ ուղարկի մինչեւ դեկտեմբեր:
Բոլոր ոճերում ավելանալու են քաշային կարգերը՝ ութից հասնելով տասի. ազատ ոճում 57-61-65-70-74-79-86-92-97-124, հունահռոմեականում՝ 55-60-63-67-73-77-82-87-97-130:
2018 թվականին մրցումներն անցկացվելու են երկու օր կշեռքով. Առաջին օրը՝ մաքուր քաշ, երկրորդ օրը, ովքեր կպայքարեն մեդալների համար՝ երկու կիլոգրամ ավելի լինելու իրավունքով: Դա կշարունակվի մինչև 2018 թվականի վերջ: 2019 թվականից երկրորդ օրվա +2 կիլոգրամի առավելությունը կհանվի: Այսինքն, ըմբիշները երկու օրն էլ պետք է կշռեն սահմանված «մաքուր քաշի» սահմաններում», - ասել է Ավետիք Վարդանյանը: