29/08/2017 18:41
Արցախի և Հայաստանի օրենսդիրներն ամփոփել են երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում օգոստոսի 29-ին շարունակվել են ԱՀ խորհրդարանի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի աշխատանքները, որոնք համակարգել են հանձնաժողովների նախագահներ Ռուսլան Իսրայելյանը և Գագիկ Մինասյանը, տեղեկացնում են ԱՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից:
Քննարկմանը խորհրդարանականներն անդրադարձել են Հաշվեքննիչ պալատի (ՀՊ) գործունեության օրենսդրական կարգավորումների առանձնահատկություններին, ԱԺ-ՀՊ համագործակցության իրավակարգավորումներին, խորհրդարանի վերահսկողական գործառույթի արդյունավետության բարձրացման ուղղությամբ առկա խնդիրներին ու ոլորտի զարգացման ժամանակակից միտումներին:
Ամփոփելով երկօրյա համատեղ աշխատանքի արդյունքները՝ պրոֆիլային հանձնաժողովների նախագահները կարևորել են հետագայում ևս նման ձևաչափերով փորձի փոխանակման անհրաժեշտությունը: