30/08/2017 13:17
Վենետիկում բացվում է 74-րդ միջազգային կինոփառատոնը
Վենետիկում չորեքշաբթի բացվում է 74-րդ միջազգային կինոփառատոնը։ Այն կբացվի ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ, «Օսկարի» կրկնակի դափնեկիր Ալեքսանդր Փեյնի «Կարճացում» (Downsizing) ֆիլմի համաշխարհային պրեմիերայով, փոխանցում է ТАСС-ը:
Ֆիլմում գլխավոր դերերով հանդես են գալիս Մեթ Դեյմոնն ու Քրիստեն Ուիգը։ Ընտանեկան զույգը լավ կյանքի որոնումներում որոշում է հասակի փոքրացման ռիսկային փորձի գնալ։ Ըստ սցենարի՝ այդ կերպ գիտնականներն առաջարկում են պայքարել համաշխարհային ճգնաժամի դեմ, որն առաջացել է մոլորակի գերբնակեցվածությունից:
Ջորջ Քլունին կներկայացնի իր նոր ռեժիսորական աշխատանքը, որը թվով 7-րդն է՝ «Suburbicon»-ը։ Մրցութային ծրագրում ներառված է նաև Դարեն Արոնոֆսկու «Մայր» (mother!) ֆիլմը։ Մրցութային վավերագրական ֆիլմերից մեկն անդրադառում է միգրացիայի ակտուալ թեմային։ Դրա հեղինակը չինացի նկարիչ Այ Վեյվեյն է։
Գլխավոր մրցանակի համար կպայքարի 21 ֆիլմ։ Եվս 19 ֆիլմ կմասնակցի երկրորդ մրցութային՝ «Հորիզոններ» ծրագրին։