31/08/2017 09:52
ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների հարցով համաձայնություն է ձեռք բերվել. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը նշել է, որ Ռուսաստանի տարածքում հայկական վարորդական իրավունքի վկայականների հարցով ռուսական կողմի հետ համաձայնություն է ձեռք բերվել:
«Ի կատարումն ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի սույն թվականի օգոստոսի 14-ի որոշման, օգոստոսի 18-ին Մոսկվայում կազմակերպվել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը և ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը: Քննարկմանը նաև մասնակցել են ԵԱՏՄ քարտուղարության ներկայացուցիչներ», - թերթին տրամադրած պատասխանում նշել է վարչապետի խոսնակը:
Թերթը հիշեցրել է, որ օգոստոսի 14-ին Աստանայում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում անդրադարձ էր կատարվել ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցին: Մինչ այդ, սակայն ՌԴ-ում օրենսդրական փոփոխություններ էր կատարվել և Հայաստանի քաղաքացիները, որոնք ՌԴ-ի տարածքում տնտեսական գործունեություն էին իրականացնում վարորդական իրավունքի վկայականով, խնդիրների էին բախվել: