31/08/2017 09:47
Լավրենտի Միրզոյանը դեմ է Լենինգրադյան փողոցի անվանափոխմանը. «Առավոտ»
Լեզվաբան, ՀՀ աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լավրենտի Միրզոյանը դեմ է Լենինգրադյան փողոցի անվանափոխմանը։
«Այս հարցում շտապողականություն չպետք է լինի», - ասել է նա։
Ըստ նրա՝ փոփոխությունները խորը ուսումնասիրություններից հետո պետք է կատարվեն. «Լեոնիդ Ազգալդյանի անունով փողոց վաղուց պետք է ունենայինք, իսկ ինչ վերաբերում է Լենինգրադյան փողոցին, այն պետք է վերանվանվի Սանկտ-Պետերբուրգի փողոցի։ Այսօր ամեն ինչ ուզում են անվանափոխել։ Ի՞նչ է, նոր Երևան ենք կառուցելո՞ւ։ Եթե փոխում ենք փողոցի անունը, արձաններն էլ պետք է փոխենք չէ՞»։
Լավրենտի Միրզոյանն ափսոսում է, որ Երևանում մինչ օրս Եղիշեի անվան փողոց չկա. «Այն ժամանակ, երբ Լենինի պողոտան վերանվանեցին Մաշտոցի պողոտա, որոշեցինք, որ զուգահեռ կամ ուղղահայաց փողոցները կրեն 5-րդ դարի հայ պատմիչների անունները. Բուզանդի, Կորյունի, Կողբացու, Փարպեցու անունով ունեինք, ներկայիս Պուշկինի փողոցն էլ Եղիշեի անունով ցանկացանք կոչել, բայց չհամաձայնեցին։ Բա ամոթ չէ՞ մեր ազգին։ Լավագույն պատմիչներից մեկի անունով փողոց, դպրոց չունենք։ Նույնը նաև Սահակ Պարթևի դեպքում»: