31/08/2017 15:31
ԼՂ հակամարտության կարգավորումը առանցքային հարց է մեր երկրի համար. խնդիրը պետք լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Միքայել Մելքումյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանն օգոստոսի 31-ին ընդունել է Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակության անդամներին, տեղկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Միքայել Մելքումյանը կարևորել է համագործակցությունը զբոսաշրջության, առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների բնագավառներում և հույս հայտնել, որ համագործակցությունը երկու երկրների միջև կթևակոխի նոր փուլ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այն առանցքային հարց է մեր երկրի համար, և խնդիրը պետք լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում:
Միքայել Մելքումյանը կարևորել է միջազգային կառույցներում երկու երկրների փոխգործակցությունը և նշել, որ Հայաստանը պետք է պաշտպանի իր ազգային պետական շահը՝ առանց այլ երկրների շահերին դիպչելու:
Ինդոնեզիայի Հանրապետության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Ֆադլի Զոնը հույս է հայտնել, որ առաջիկայում ինչպես երկու երկրների, այնպես էլ խորհրդարանների միջև հարաբերություններն առավել կամրապնդվեն և կզարգանան՝ կարևորելով նաև միջազգային տարբեր կազմակերպություններում Հայաստանի և Ինդոնեզիայի փոխշահավետ համագործակցությունը:
Մտքերի փոխանակության ընթացքում ՀՀ ԱԺ պատգամավորները, կարևորելով ինդոնեզական խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան, ընդգծել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, ինչն էլ իր հերթին խթան կհանդիսանա հարաբերությունների առավել սերտացման ու զարգացման համար:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ազգային ժողովում, լուսանկարվել ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում£
Պատվիրակության անդամները Միքայել Մելքումյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Այնուհետև հյուրերն այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և ծանոթացել ցուցանմուշներին: Ֆադլի Զոնը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում: