01/09/2017 09:25
Կառավարությունը չի ապահովել մոտ 850 միլիոն դոլարի խոստացված ներդրումները. ՀԺ
Այս տարվա ընթացքում մոտ 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու Կարեն Կարապետյանի կառավարության հույսերը, մեղմ ասած, չեն իրականանում։ Այդ են վկայում ներդրումների վերաբերյալ պաշտոնական ցուցանիշները, գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Արդեն տարին կես է ընկել, բայց ըստ ԱՎԾ-ի՝ երեկ հրապարակած տվյալների օտարերկրյա ներդրումների զուտ հոսքը բացասական է՝ մոտ 25 միլիարդ դրամ։ Այսինքն` շատ պատկերավոր ասած ներդրումների հոսքը 25 միլիարդով քիչ է եղել, քան արտահոսքը։ Ընդ որում` անցած տարվա համեմատ ներդրումների զուտ ներհոսքը բացասական ցուցանիշը աճել է մոտ 10 միլիարդ դրամով։ Թե որքան է եղել ներհոսքը և որքան արտահոսքը, ԱՎԾ-ն չի նշում, սակայն այս թիվը ցույց է տալիս, որ ներդրումների տեսանկյունից իրավիճակը ավելի վատ է քան անցած տարի։
Այս տարվա առաջին կիսամյակում ուղղակի ներդրումների զուտ հոսքը եղել է 17,2 միլիարդ անցած տարվա 18,4 միլիարդ դրամից։
Նվազումը՝ 1,2 միլիարդ դրամ է։ Նշենք, որ Կ. Կարապետյանի կառավարությունը այս տարվա համար ակնկալում էր մոտ 850 միլիոն դոլարի ներդրում, իսկ առաջիկա մի քանի տարիներին՝ 3,2 միլիարդ դոլարի ներդրում», - գրել է թերթը: