01/09/2017 16:08
ՀՀ և ԼՂՀ նախագահները մասնակցել են Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը
Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ միասին ներկա է գտնվել Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի բացման արարողությանը: Ճանապարհը կառուցվել է համայն հայության նվիրատվություններով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից 2013 և 2014 թվականների հեռուստամարաթոնների ընթացքում հավաքագրված միջոցների և Հայաստանի ու Արցախի կառավարությունների աջակցությամբ։
114,6 կմ երկարությամբ ճանապարհը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ 25 տարվա գործունեության ընթացքում իրականացրած ամենախոշոր ծրագիրն է։ Ծրագրի ընդհանուր արժեքն է մոտ 17 մլրդ դրամ, որից 7,5 մլրդ դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 1,95 մլրդ դրամը՝ Արցախի կառավարությունը։
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Պարգև Սրբազանի հետ այցելել են նաև Դադիվանք՝ ծանոթացել վանական համալիրում իրականացվող վերականգնողական աշխատանքների ընթացքին և մոմ վառել Դադիվանքի Սբ. Աստվածածին Կաթողիկե եկեղեցում:
Հայկական երկու հանրապետությունների նախագահները Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում այսօր կայցելեն նաև գինու նորաբաց գործարան:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մայրաքաղաք Ստեփանակերտում կմասնակցի Արցախի Հանրապետության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին: