01/09/2017 17:01
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար. Մամեդյարովը չի կարողանա երկար մնալ իր պաշտոնին
Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը Facebook սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է պաշտոնական Մոսկվայի արձագանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջերս արած հայտարարությունը, հայտնում է Minval.az-ը:
Դրա համար առիթ է դարձել ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը: Անդրադառնալով Հոգլանդի վերջին հայտարարությանը՝ Զախարովան նշել է. «Այդ հայտարարությունները նորություն չեն: Դրանց բազմիցս հղում են արել Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի նախագահները՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ 2009-2013թթ. արված համատեղ հայտարարությունների ժամանակ»:
«Տարբեր մեկնաբանություններ եմ կարդում, և չեմ դադարում զարմանալ՝ ինչպե՞ս թե նոր չեն: Արդյոք վերջին ամիսներին Լավրովի ծրագրի մասին չէին խոսում որպես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի միաժամանակ լուծման հետ հինգ շրջանների ազատագրում նախատեսող ծրագիր, իսկ Հոգլանդի հայտարարությունում դրանք ՅՈԹ-ն են՝ առանց Լաչինի միջանցքի, ինչից հետո միայն սկսվում է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի քննարկումը: Ինչո՞ւ են բոլորը միաձայն պնդում, որ ամերիկյան և լավրովյան դիրքորոշումների միջև տարբերություն չկա: Չեմ խոսում Մեթյու Բրայզայի նախորդ տարվա հայտարարության մասին, որում նա նշում էր առաջին փուլում երկու շրջանների ազատագրման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկի մասին: Ինչպե՞ս չկա տարբերություն: Ի՞նչ է, մեզ հիմարի տեղ են դրել, որոնք չեն կարողանում նույնիսկ մինչև յոթը հաշվել: Կարծում եմ՝ ԱԳՆ ղեկավար Է. Մամեդյարովը պետք է մեզ ճիշտն ասի, թե ինչ կա բանակցությունների սեղանին, և ինչ է քննարկելու Է. Նալբանդյանի հետ Նյու Յորքում», - ասել է Թոֆիկ Զուլֆուգարովը:
«Հ.Գ. Գիշերային մտորումներից հետո ևս մեկ անգամ կարդալով Մ. Զախարովայի մեկնաբանությունը՝ ցնցվել եմ նրանից, թե դիվանագիտորեն ասված որքան է այն համընկնում Է. Նալբանդյանի և Ս. Սարգսյանի մեկնաբանությունների «խոսքի և ոգու հետ»: Վերադառնալով Մամեդյարովի լռությանը՝ ցանկանում եմ ասել, որ այս անգամ նա չի կարողանա նախարարների կաբինետում երկար մնալ: Չեմ բացառում, որ բանակցային գործընթացով անհանգստացած քաղաքացիներն ԱԳՆ-ի շենքի մոտ նրանից հաշվետվություն կպահանջեն», - նշել է Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավարը: