02/09/2017 15:29
ԱՄՆ-ն ակտիվ կզբաղվի ղարաբաղյան հարցով, բայց ոչ թե Մինսկի խմբի շրջանակում, այլ՝ միակողմանի. Ստեփան Գրիգորյան
Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում նկատվող սրումը կտարածվի նաև այլ ոլորտների վրա, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով հայտարարել էր՝ եթե Արևմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը՝ ձևավորել Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջաններում հավասար անվտանգության տարածք, ապա շատ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում, վաղուց կարգավորված կլինեին։
«ԱՄՆ-Ռուսաստան և Եվրոպա-Ռուսաստան հարաբերություններում վատթարացումը շարունակվում է մի շարք, մասնավորապես՝ Ղրիմի ագրեսիայի, Ռուսաստանի կողմից ԱՄՆ ընտրություններին միջամտության պատճառներով: Ակնհայտ է, որ այն կամաց-կամաց տարածվում է մյուս ոլորտների վրա, և դրա արտահայտությունն է հենց Լավրովի ասածը», - ասաց քաղաքագետը։
Ստեփան Գրիգորյանի հիշեցրեց, որ մինչ այս միշտ ասում էին, թե ղարաբաղյան հակամարտության հարցում բավական մոտ են ԱՄՆ-ի և ՌԴ-ի մոտեցումները:
«Այս հայտարարությունով, փաստորեն, Լավրովն ասում է, որ ինչպես Մերձդնեստրի, այնպես էլ Ղարաբաղյան հարցում այնքան էլ մոտ չեն դիրքորոշումները», - նշեց նա:
Այս ամենի հետևանքավ, ըստ քաղաքագետի, սպասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համատեղ գործողությունները կթուլանան։
«Ավելի շատ մենք կտեսնենք միակողմանի քայլեր Ռուսաստանի կամ Միացյալ Նահանգների կողմից։ Ի վերջո, այդ հարցերում տարաձայնությունները չեն կարող չտարածվել այստեղ։ Ինչ է նշանակում, որ Լավրովը ղարաբաղյան հարցի չլուծման պատասխանատվությունը գցում է Արևմուտքի վրա։ Ռուսաստանը միշտ հայտարարում էր, որ այստեղ գլխավոր դերն իրենցն է, եթե խնդիրը չլուծվի, ուրեմն հենց իրենք էլ լավ չեն աշխատում», - ասաց Ս.Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է հարցին, որ Վաշինգտոնը որոշել է կրճատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքը՝ հետագայում այդ գործառույթը փոխանցելով Պետդեպի Եվրոպական և Եվրասիական բյուրոյի փոխտնօրենի օգնականին, Ստեփան Գրիգորյանն արձագանքեց. «Սա նշանակում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Արևմուտքը ոչ թե նվազեցնում է իր դերակատարությունը, այլ հակառակը՝ լինելու է ավելի ակտիվ»։
Սակայն, ըստ քաղաքագետի, այս դեպքում Արևմուտքը կգործի ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում, այլ դրանից դուրս։ Սա էլ, Ս. Գրիգորյանի խոսքով՝ կնմանվի նրան, ինչ այժմ Ուկրաինայում է. Միացյալ Նահանգներն ունի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց։
Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ Լավրովի հայտարարությունը և Վաշինգտոնի որոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց.
«Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգներն ակտիվ կզբաղվի հարցով, բայց ոչ թե Մինսկի խմբի շրջանակներում, այլ՝ միակողմանի։ Պարզ է, որ երբ միջնորդների միջև կա հակասություն, ուրեմն լարվածության հավանականությունը մեծանում է։ Երբ Մինսկի խումբը միասնական էր գործում, Ադրբեջանի նկատմամբ զսպիչ մեխանիզմներ կային։ Հիմա, երբ նրանք միասնական չգործեն, պարզ է՝ հավանակությունը, որ Արդրբեջանը լարվածությունը կբարձրացնի, կմեծանա»։
Ստեփան Գրիգորյանն ասաց նաև, թե Հայաստանի համար կարևորն այն է, որ ԱՄՆ-ն ուզում է ակտիվ զբաղվել ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ. «Միայն ԱՄՆ-ն հերիք է, որ բավական արդյունավետ դառնան զսպիչ մեխանիզմները»։