04/09/2017 11:10
Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը Հայաստանի որոշումն է. Հրանտ Մարգարյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը չի կարծում, թե Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին չմասնակցելով՝ Հայասանը կորցնում է իր դերն ու նշանակությունը։
«Ես այդպես չեմ մտածում, ես համոզված եմ, որ Հայաստանը գտնվում է ինչ-որ ռամաքաղաքական ճամբարի մեջ, յուրաքանչյուր երկիր մտնում է նման ռազմաքաղաքական դաշինքի մեջ: Ճիշտ է, որ մենք չենք փորձում խզել և հակադրվել մյուս ճամբարների հետ, բայց, վերջիվերջո, այդ իրողությունը մեզանից պահանջում է որոշակի կեցվածք», - լրագրողներին ասաց Հ.Մարգարյանը:
Նրա խոսքով, Հայաստանն անկախ երկիր է և կարող է որոշել՝ ինչին մասնակցել, ինչին՝ չմասնակցել։
Դիտարկմանը, թե ինչ է նշանակում վերջին պահին հրաժարվելը, Հրանտ Մարգարյանն արձագանքեց. «Նույնիսկ կարելի է վերջին պահին հրաժարվել»։
Լրագրողի հարցին, թե զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելն արդյոք Հայաստանի որոշումն էր, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո»։
Մյուս հարցին, թե ավելի վաղ, սակայն, Հայաստանը համաձայնել էր մասնակցել, Հրանտ Մարգարյանը պատասխանեց. «Կարելի է նույնիսկ ամիսներ շարունակ որոշումներ ունենաս, որոնք ինչ-որ տակտիկական նկատառումով վերջին պահին փոխես»։