04/09/2017 19:02
Նկարիչների միությունում կբացվի «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը
Հայաստանի նկարիչների միությունում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18:30-ին, կբացվի Շուշան Սարգսյանի աշխատանքներն ամփոփող «Մայրամուտից լուսաբաց» խորագրով ցուցահանդեսը:
«Նոր մոտեցում՝ հնին ու նորին» կարգախոսով ցուցահանդեսում ներկայացված է հեղինակի 30 աշխատանք: Ի դեպ, սա Շուշան Սարգսյանի առաջին անհատական ցուցահանդեսն է:
«Անհատական ձեռագրով աշխատանքներ են, հստակ ոճեր չկան, առավել մոտ բնութագրումը կլինի ոճային ստեղծագործական համադրություն: Կներկայացվեն գրաֆիկաներ, գունանակարներ, կերպարային-քանդակ և դեկորատիվ կիրառական աշխատանքներ: Այս աշխատանքներում առավելապես աչքի են ընկնում կոմպոզիցիոն լուծումները և հարթ պատկերի, ծավալի համադրությունները», -ցուցահանդեսի մասին նշում է հեղինակը:
Նշենք, որ նկարիչ, մոդելավորող, ոճաբան, դեֆիլեի մասնագետ Շուշան Սարգսյանը 2012 թվականից «Shushan Design Studio»-ի հիմնադիրն ու գլխավոր դիզայներն է: Իր աշխատանքներով մասնակցել է բազմաթիվ խմբակային ցուցահանդեսների: Սովորել է Երևանի «Ռոսլին» արվեստի ինստիտուտում, աշխատել Ն. Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանում: