04/09/2017 14:43
Եթե ապրիլյան պատերազմին սահմանի ինժեներական կահավորվածությունը 30 տոկոս էր, այժմ այն 100 տոկոս է. ՊԲ գնդապետ
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ եթե տոկոսային հարաբերակցությամբ ներկայացնելու լինի սահմանային ինժեներական կահավորվածություն վիճակը ապրիլյան պատերազմի օրերին և այսօր, ապա կարող է ասել, որ այն ժամանակ այդ թիվը եղել է գրեթե 30 տոկոս, այժմ հասել է 100 տոկոսի։
«Ներկա դրությամբ ինժեներական կահավորվածությունը հասցվել է կատարյալ վիճակի: Առաջին դիրքի խորությամբ աշխատանքները հասցված են 100 տոկոսի, աշխատանքներ են տարվում ավելի խորը պաշպանության ուղղությամբ», - ասաց Վիկտոր Առուստամյանը։
Նա ընդգծեց՝ զինատեսակների թարմացման հարցում հայկական կողմը բավական լուրջ առաջընթաց ունի.
«Արցախի Հանրապետության կառավարության և նախագահի կողմից արտաբյուջեի գումարներով ռազմական արդյունաբերությունը բավականին զարգացել է»։
Նա նշեց, որ թեև չի կարող հրապարակել, թե ինչ տեսակի զենքերով է հարստացել ռազմարդյունաբերությունը, բայց նշեց, որ դրանք բավականին լուրջ զենքի տեսակներ են։
Անդրադառնալով Թալիշի ուղղությամբ անվտանգության գոտու ստեղծմանը՝ Վ. Առուստամյանն ասաց, որ այնտեղ մեծածավալ ինժեներական աշխատանքներ են իրականացվում, ինչը թույլ չի տալիս Թալիշի ուղղությամբ հրաձգային զենքից կրակ արձակել։
Խոսելով այս պահին սահմանին տիրող իրավիճակի մասին՝ Վիկտոր Առուստամյանն ասաց, թե դիպուկահարներ են աշխատում հակառակորդի կողմից, ինչի հետևանքով, ցավոք, հայկական կողմը կորուստներ է ունենում։