04/09/2017 12:39
Հայաստանը պաշտոնապես չի հաստատել իր մասնակցությունը Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին. ՊՆ փոխնախարար
Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ասել, որ մասնակցելու է Վրաստանում ՆԱՏՕ-ի կազմակերպած զորավարժություններին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:
«ՊՆ-ն չի հաստատել, որ մենք անպայման մասնակցելու ենք: Մենք մեր մասնակցության պաշտոնական համաձայնությունը չենք ունեցել», - ասաց փոխնախարարը:
Վերջինս հերքեց, թե չմասնակցելու որոշումը կապված է Ադրբեջանի մասնակցության հետ:
Արտակ Զաքարյանը նշեց, որ դա սովորական գործառույթ է և Զինված ուժերի գործունեության մեջ անընդհատ լինում են պլանավորումների վերանայումներ:
Aysor.am-ի դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը ոչինչ չի կորցնում՝ չմասնակցելով զորավարժություններին. Արտակ Զաքարյանն ասաց. «Հայաստանը ոչ մի բան չի կորցնում: Եթե Հայաստանը կորցներ ինչ-որ բան, ապա կլինեին այլ մոտեցումներ»: