04/09/2017 16:57
Հայաստանում համաձայն են Լավրովի հայտարարության հետ. խնդիրը Ադրբեջանն է. հարցազրույց Շավարշ Քոչարյանի հետ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն Aysor.am–ի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը խախտելու է ցանկացած նոր պարտավորություն, սակայն Երևանը շահագրգիռ է հավասար և անբաժան անվտանգության տարածքի ձևավորման հարցում, ինչպես ավելի վաղ դրա մասին նշել էր Ռուսաստանի արտգործնախարարը: ՀՀ փոխարտգործնախարարը նաև կարծում է, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը ԼՂ կարգավորման հարցում հակասություններ չունեն և գործում են միասնական:
- Պարոն Քոչարյան, ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ եթե Արևմուտքն ընդուներ Մոսկվայի առաջարկը՝ ձևավորել Եվրաատլանտյան և Եվրասիական տարածաշրջաններում հավասար անվտանգության տարածք, ապա շատ հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում, վաղուց կարգավորված կլինեին: Ձեր մեկնաբանությունը...
- Մենք շահագրգիռ ենք հավասար և անբաժան անվտանգության տարածքի ձևավորման հարցում: Եթե այդ տարածքը ձևավորվի և Ադրբեջանը միանա դրան, ապա վերջինս համապատասխան պարտավորություններ կստանձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Սակայն բոլորի համար ակնհայտ է, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որը հարգում է իր որևէ միջազգային պարտավորություն: Ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելը և ինքնորոշման իրավունքը հարգելը բխում են Ադրբեջանի՝ ՄԱԿ Կանոնադրությամբ և Հելսինկյան Եզրափակիչ ակտով ստանձնած պարտավորություններից: Բացի այդ, անդամակցելով Եվրոպայի խորհրդին՝ Ադրբեջանը պարտավորվել է շարունակել ջանքերը հակամարտությունը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու ուղղությամբ: Ավելին, հիմնախնդրի խաղաղ կարգավորումը բխում է Ադրբեջանի՝ ռազմական գործողությունների դադարեցման, զինադադարի հաստատման և զինադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ և Հայաստան, համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:
Իր գործողություններով Ադրբեջանն արդեն իսկ վաղուց ապացուցել է, որ հակադրվում է միջազգային իրավունքին, գործում է հակառակ միջազգային հանրության, այդ թվում՝ համանախագահող երկրների հորդորների և պահանջների, և անխուսափելի է, որ իր կողմից ստանձնած ցանկացած նոր պարտավորություն արժանանալու է նախորդների ճակատագրին:
- Վաշինգտոնը որոշել է կրճատել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հաստիքը՝ հետագայում այդ գործառույթը փոխանցելով Պետդեպի Եվրոպական և Եվրասիական բյուրոյի փոխտնօրենի օգնականին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ որոշումը:
- Խնդիրը գտնվում է ԱՄՆ-ում պետաշխատողների, այդ թվում՝ Պետքարտուղարության աշխատողների թվաքանակի կրճատման հարթությունում: Խնդիրն այն չէ, թե ինչպես է անվանվելու ԱՄՆ ներկայացուցիչը համանախագահությունում, քանի որ Միացյալ Նահանգները թե՛ առանձին հայտարարություններով, թե՛ համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի հետ համատեղ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առնչությամբ:
- Պարոն Քոչարյան, արդյոք Լավրովի հայտարարությունը և Պետդեպի որոշումը ի ցույց են դնում կողմերի միջև հակասությունները, մասնավորապես, ԼՂ կարգավորման հարցում: Ի՞նչ հետևանքներ դրանք կարող են ունենալ:
- Չնայած Ռուսաստանի և ԱՄՆ միջև առկա հակասությունների՝ նրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում առ այսօր գործում են միասնական և համագործակցաբար: