04/09/2017 16:15
Մոսկվաբնակ հայ գործարարը մեքենաներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին ու Մաքսիմ Մանուկյանին
Ըմբշամարտի աշխարհի չեմպիոններ Մաքսիմ Մանուկյանի և Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերն անմիջապես մրցավայրում դիտելուց հետո մոսկվաբնակ հայ գործարար և սպորտի բարեկամ Էդգար Արամյանը որոշեց պարգևատրել հայ մարզիկներին:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ Արամյանը մեքենաներ նվիրեց աշխարհի չեմպիոններին, հայտնում են ՀԱՕԿ-ից։
«Ես շատ հուզված եմ և էմոցիաներով լի: Տղաների գոտեմարտերի ընթացքում մարզադահլիճում էի: Այնքան եմ երկրպագել, գոռացել նրանց անունները, որ նույնիսկ ձայնս դեռ չի վերականգնվել: Սպորտի նկատմամբ շատ ուշադիր եմ, հատկապես հայ մարզիկների մրցելույթների: Նրանց ցանկացած հաղթանակ նաև իմն է: Հերթական անգամ Հայաստանը փայլուն արդյունքներ ցույց տվեց: Ես հիացած եմ և ուզում եմ շնորհակալություն հայտնել Արթուրին և Մաքսիմին:
Վրաստանից երեկ եմ եկել: Այնտեղ խնդրեցին տղաներին փոխանցել հիացմունքի խոսքեր և, որ նրանց նմանները ծնվում են հարյուր տարին մեկ անգամ: Կցանկանամ, որ չեմպիոնական այս գեղեցիկ ավանդույթները շարունակվեն, տոնենք նաև մյուս հայ մարզիկների հաղթանակները: Ես կլինեմ նրանց կողքին ոչ թե խոսքով, այլ գործով: Ինչպես ասում են՝ թանկ է վերաբերմունքը, ոչ թե նվերը», - ասաց Էդգար Արամյանը:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը ողջունեց գործարարի քայլը և շնորհակալություն հայտնեց պարգևների համար՝ առաջին հերթին կարևորելով Էդգար Արամյանի վերաբերմունքը։
«Ես շատ ուրախացա այս իրադարձության համար, տղաներն իսկապես արժանի են պարգևատրման: Լավագույն զգացողություններից է՝ գնահատված լինելը: Հաճելի է, որ Էդգար Արամյանի նման մարդիկ են ցանկանում օժանդակել մեր մարզիկներին:
Մեր երկրին անհրաժեշտ են նմանատիպ հաղթանակներ: Այս միջոցով Հայաստանն ավելի ճանաչելի է դառնում, իսկ մենք հպարտորեն ենք քայլում աշխարհով: Մարզաշխարհն այն եզակի ոլորտներից է, որտեղ ամեն ինչը չափելի է: Մեր երկու չեմպիոնները ցնցեցին աշխարհը»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Աշխարհի չեմպիոնները նույնպես շնորհակալություն հայտնեցին գործարարին՝ իրենց և սպորտի նկատմամբ ուշադրության համար: