04/09/2017 10:33
Հայաստանի՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելը հայ-ադրբեջանական կամ ՌԴ-Արևմուտք հակասությունների հետևանք է. Ջոնի Մելիքյան
Օգոստոսին Վրաստանում տեղի ունեցած Noble Partner 2017 զորավարժությունների շրջանակում Ադրբեջանը հայտարեց, որ Հայաստանին որպես գործընկեր չի կարող դիտարկել, ուստի հրաժարվեց մասնակցությունից, իսկ այս անգամ, կարծես, հակառակն է տեղի ունենում՝ Հայաստանը չմեկնեց Agile Spirit 2017 զորավարժություններին, իսկ Ադրբեջանը մասնակցության ցանկություն է հայտնել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վրացագետ Ջոնի Մելիքյանը:
«Իրավիճակը դառնում է հետաքրքիր նրանով, որ մինչև վեջին պահը Հայաստանը մասնակցում էր այդ զորավարժություններին, Արդբեջանը չէր մասնակցում: Բայց ստացվեց այնպես, որ Հայաստանը չի մեկնել երեկ զորավարժությունների բացմանը, իսկ դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանը ցանկություն էր հայտնել մասնակցելու: Որքանով հասկանում եմ, իրենք այդ զորավարժություններին մասնակցում են», - ասաց Ջ.Մելիքյանը:
Նա ընդգծեց, որ զորավարժություններին Հայաստանի մասնակցության չեղարկումը կարող է պայմանավորված լինել նաև Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների վերջին զարգացումներով:
«Noble Partner 2017-ը մի քանի շաբաթ առաջ ավարտվեց, և ՌԴ ԱԳՆ կողմից բավականին կոշտ հայտարարություն եղավ: Իրենք շեշտում են, որ ՆԱՏՕ-ն փորձում է ակտիվանալ ՌԴ-ի տարբեր սահմաններում և իրենք թույլ չեն տա, որ իրենց ազգային շահերին որևէ վտանգ սպառնա: Դրանից բացի, պատճառը նաև Ադրբեջանի ակտիվությունը կարող է լինել: Սկզբում չէին մասնակցում, բայց հետո որոշել են հետ չմնալ, հասկացել են, որ նախկին զորավարժություններին չմասնակցելով իրենք բացի կորցնելուց՝ ոչ մի բան չստացան», - ընդգծեց Ջ.Մելիքյանը:
Հայաստանյան պատվիրակությունը երեկ չի մեկնել Վրաստան, որտեղ պետք է մասնակցեր Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին։
Ռազմական խաղերը տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և գործընկեր պետությունների զինծառայողների մասնակցությամբ սեպտեմբերի 3-ից 11-ը: