04/09/2017 18:37
Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի՝ «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա Խաչիկ գյուղում
ՀՀ մշակույթի նախարարությունը և «Ֆրամարտ» հիմնադրամը տեղեկացնում են, որ կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Նա, ում սպասում էին» կատակերգական ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 10-ին՝ Վայոց ձորի
մարզի Խաչիկ գյուղում։
Պրեմիերային ներկա կլինեն բեմադրող ռեժիսոր Սերժ Ավետիքյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, դերասաններ Նարեկ Դուրյանը, Ռոբերտ Հարությունյանը, Լևոն Հարությունյանը, ֆիլմի պրոդյուսերներ Արմեն Համբարձումյանը, Միքայել Դովլաթյանը և այլոք:
Ի դեպ, պրեմիերայի վայրը պատահական չի ընտրված. ֆիլմի նկարահանումներն իրականացվել են Խաչիկում՝ գյուղի բնակիչների մասնակցությամբ։
Սյուժեն ծավալվում է հայ-ադրբեջանական սահմանին։ Մենաներկայացում խաղալու նպատակով Ադրբեջան ժամանած դերասան Ժան-Պոլ Բոլզեկը հանգամանքների բերումով հայտնվում է սահմանամերձ մի տարածքում, անսարք տաքսիում։ Նա ստիպված է լինում ոտքով անցնել մի որոշ տարածություն և առանց իմանալու հատում է Հայաստանի սահմանը, հայտնվում հայկական մի գյուղում։ Այնտեղ նրան սկզբում ադրբեջանական գործակալի տեղ են դնում, ապա ընդունում և պատվում՝ կարծելով, թե վերջապես ժամանել է գյուղի առասպելներից ծնված ու վաղուց սպասված ֆրանսահայ բարերարը՝ Բոլզաքյանը. Եղեռնից մազապուրծ հայի զավակ, որն իբրև թե վերադարձել է հայրենիքը շենացնելու։ Ֆրանսիայից ժամանած Բոլզեկի համար անակնկալ բացահայտում է դառնում այն, որ իր համար հեռավոր ու անծանոթ երկրներ Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են սառեցված պատերազմի պայմաններում, և որ Հայաստանից իր վերադառնալն Ադրբեջան անհնար է։ Իր համար անծանոթ լեզվով խոսող և անծանոթ սովորույթների տեր մարդկանցով բնակեցված գյուղում Բոլզեկի կյանքը դառնում է փորձություններով և սեփական անձի խորքերը բացահայտելու դրվագներով լի մի պատմություն։
«Ֆիլմի մտահղացումը որոշ չափով հետևյալն է՝ հայ-ադրբեջանական հակամարտությանը հղում անելու միջոցով ակնարկել նաև այն զարգացումները, որոնք արձանագրվեցին աշխարհի տարբեր մասերում՝ Իրաքում, Սիրիայում, Թուրքիայում և տարածաշրջանի այլ երկրներում: Դեպքեր ու իրադարձություններ, որոնք թեև ծանոթ են միջին եվրոպացուն, սակայն վերջին հաշվով նրա համար գտնվում են հեռավոր մի վայրում և իր պատկերացմամբ՝ իր հետ առնչություն չունեն» - նշել է ֆիլմի ռեժիսոր Սերժ Ավետիքյանն ու ավելացրել.
«Մեր խնդիրը միջին եվրոպացուն Բոլզեկի մաշկի մեջ դնելն էր, նրա միջոցով անծանոթ լեզվով խոսող մարդկանց մեջ և պատերազմական տարածաշրջանում հայտնվելը։ Այդ պատճառով ես նախընտրեցի, որ ֆիլմի սկզբում, երբ Բոլզեկը լսում է կրակահերթեր, ապա հայտնվում հայկական գյուղում և լսում իր համար օտարահունչ խոսք, ֆրանսերեն լուսագրեր (սուբտիտրեր) չլինեն, որպեսզի ֆրանսիացի հանդիսատեսն ունենա հոգեբանական և հաղորդակցական այն նույն արգելանքը, որն ունի Բոլզեկը, և զգա այն, ինչ զգում է Բոլզեկը։ Սուբտիտրերն աստիճանաբար և սյուժեի զարգացմանը զուգահեռ են մտնում հանդիսատեսի տեսադաշտ»։
Իսկ Բոլզեկին մարմնավորող դերասան Պատրիկ Շենեն ասել է, որ ինքն ամբողջությամբ նույնացել է իր մարմնավորած կերպարի հետ, քանի որ հաղորդակցական և մշակութային այն անջրպետը, որին ստիպված էր բախվել Բոլզեկը, նույնն էր նաև իր համար՝ որպես օտարերկրացու:
«Կարծում եմ, որ ֆիլմի սյուժեի ուժեղ կողմերից է, որ այն իրավիճակը, որում հայտնվում է Բոլզեկը՝ իր մասնագիտական մայրամուտում գտնվող տարեց դերասանը,ստիպում է նրան անդրադարձ կատարել սեփական անձին ու խնդիրներին, նա փորձում է «իրեն վերակառուցել» այդ նոր ու անսովոր իրավիճակում: Իր ձեռքը վերցնելով իր ձախողումների և անակնկալ այդ արկածի տնօրինումը՝ նա նույնը սովորեցնում է գյուղի բնակիչներին, որոնք ձեռքները ծալած սպասում են ինչ-որ երևակայական մի բարերարի։ Մյուս կողմից՝ նույնանալով գյուղում սպասված «առասպելական բարերարի» կերպարի հետ, նա փաստորեն իր կարիերայի մայրամուտում խաղում է իր կյանքի՝ գուցե ամենահաջողված դերը», - նշել է նա:
Կինոնկարի պրոդյուսեր Միքայել Դովլաթյանի փոխանցմամբ՝ ֆիլմը ոչ միայն հայ-ֆրանսիական համատեղ կինոարտադրության հաջողված օրինակ է, այլև պրեմիերայի վայրի ընտրությամբ՝ մշակութային կյանքը մայրաքաղաքից դեպի մարզեր, և մասնավորապես՝ դեպի սահմանամերձ գյուղեր տանելու աննախադեպ օրինակ: