04/09/2017 15:48
Փարիզի կիթառի հիմնադրամը Գանձասարում նկարահանել է Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը
Փարիզի կիթառի հիմնադրամը Արցախում՝ Գանձասարում, նկարահանել է Երևանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների միջազգային ասոցիացիայի նախագահ, Երևանի կիթառահարների ասոցիացիայի նախագահ, միջազգային մրցույթների դափնեկիր, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանի նոր տեսահոլովակը: Հոլովակում կիթառահարը կատարում է Մաթիաս Դյուփլեսիի «Cavalcade» ստեղծագործությունը:
«Paris Guitar Foundation»-ը, որի նախագահն է այս տարվա Երևանյան միջազգային կիթառի փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կիթառահար Ագուստին Պեսնոնը, տեղադրել է տեսահոլովակն իր պաշտոնական Youtube էջում:
«Միտքն այն է եղել, որ հոլովակը ոչ թե նկարահանենք ինչ-որ դահլիճում, այլ ավելի հետաքրքիր պայմաններում: Չցանկացա բաց թողնել Արցախը՝ Գանձասարը ներկայացնելու հնարավորությունը: Տեղեկացնեմ, որ այս տարի նշվում է Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակը: Ստեղծագործությունը, որ կատարել եմ, հեղինակել է ֆրանսիացի ժամանակակից կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին: «Cavalcade» նշանակում է շարժում: Գանձասարի բնությունը, եղանակը շատ համահունչ էին երաժշտության հետ», - նշում է Ժորա Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել ֆրանսիական հեղինակավոր «Մեցցո» ալիքով (mezzo.tv):
Ի դեպ, Ժորա Սարգսյանի կատարումը տպավորել է կոմպոզիտոր Մաթիաս Դյուփլեսին, ով իր հիացմունքն է արտահայտել հայ կիթառահարի կատարման մասին՝ տարածելով երաժշտի հոլովակը: