04/09/2017 12:06
ՀՀ Պաշտպանության փոխնախարարը բացատրել է, թե ինչու Հայաստանը չի մասնակցում Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Հայաստանի ռազմաքաղաքական դիվանագիտությունն ամբողջովին համապատասխանում է ՀՀ արտաքին քաղաքականությանը և իր գործողությունների մեջ Երևանը վստահ որոշումներ է կայացնում։
Վրաստանում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը, ըստ Արտակ Զաքարյանի, չի նշանակում, որ Հայաստանի գործընկերության մակարդակը ինչ-որ առումով նվազում է կամ ավելանում է մեկ այլ օղակի հաշվին։
Նա նաև նշել է, որ Հայաստանը պաշտոնապես չի հայտարարել, որ մասնակցելու է զորավարժություններին:
«Գաղտնիք չէ, որ ՀՀ զինված ուժերը և ընդհանուր անվտանգային համակարգը ՀԱՊԿ համակարգում ունի շատ կարևոր դերակատարություն և ՀԱՊԿ-ի դերակատարությունը ՀՀ անվտանգային համակարգի համար կարևոր և առանցքային նշանակություն ունի։ Գաղտնիք չէ, որ Հայաստանը շատ երկար ժամանակ և՛ քաղաքական, և՛ ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, և՛ խաղաղարար առաքելության իրականացման շրջանակներում ունի լայն համագործակցություն ՆԱՏՕ-ի կառույցի և անդամ երկրների հետ։ Այստեղ մի միջոցառմանը չմասնակցելը կամ մասնակցելը նույնիսկ արտառոց չպետք է դիտարկել», - ասաց Արտակ Զաքարյանը։