05/09/2017 13:27
Իշխանության խոստումները, թե աշխատատեղեր են ստեղծվելու, որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը. Վահագն Խաչատրյան
Եթե ուզում ես երկրում ներդրումային վիճակը լավացնել, նախևառաջ, վարվող տնտեսական քաղաքականությունը պետք է նպատակաուղղված լինի այդ դաշտի բարելավմանը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
«Իսկ դրա համար դեռևս մեր ուսանողական տարիներին էին ասում ու կրկնում, որ երկրում պետք է ցածր հարկեր լինեն։ Մնացածի մասին մոռանալ է պետք։ Արդյոք ՀՀ-ում ցածր հարկային դաշտ կա, միանշանակ՝ ո՛չ։ Ցածր հարկային դաշտի բացակայության հետ մեկտեղ իշխանությունները նորից հարկային բեռն ավելացնում են», - նշեց Վ. Խաչատրյանը։
Նա մանրամասնեց, որ և՛ ավտոկայանատեղերի կարմիր գծերը, և՛ աղբահանությունը, և՛ սննդային անվտանգության նորմերի պաշտպանությունը լրացուցիչ հարկեր են ներդրողների համար։
Իշխանությունների խոստումները, թե ներդրումներ են լինելու, աշխատատեղեր են ստեղծվելու, ըստ տնտեսագետի, որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում։
«Ըստ պաշտոնական վիճակագրության, հունվար-հուլիս ամիսներին ստեղծվել է ընդամենը 189 աշխատատեղ։ Պաշտոնապես, իհարկե, հայտարարվում է, որ 2500 աշխատատեղ է ստեղծվել, բայց պետք է փորձել հասկանալ, թե որ բնագավառում է այն ստեղծվել», - ասաց Վ. Խաչատրյանը։