05/09/2017 16:18
Ադրբեջանին զենք մատակարարելը ճիշտ չէ. Դավիթ Բաբայանը` Վլադիմիր Պուտինի հայտարարության մասին
Բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանին զենք մատակարարելը ճիշտ չէ, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի` հակատամարտությունների գոտի զենք չմատակարարելու վերաբերյալ հայտարարությանը:
Դիտարկմանը` արդյոք երկակի ստանդարտներ չե՞ն, երբ ուկրաինական հակամարտության դեպքում ՌԴ նախագահը կոչ է անում զենք չմատակարարել, իսկ ԼՂ հակամարտության գոտի զենքի ամենախոշոր մատակարարներից է, Դավիթ Բաբայանն արձագանքեց.
«Այնուամենայնիվ, միայն Ռուսաստանը չէ, որ զենք է մատակարարում Ադրբեջանին: Ադրբեջանին զենք են մատակարարում բազմաթիվ երկրներ, այդ թվում նաև՝ Իսրայելը, Թուրքիան,Կանադան էր ուզում, նույն Ուկրաինան, Բելառուսը: Իհարկե, բիզնեսը մնում է բիզնես, բայց Ադրբեջանի պես պետությանը չպետք է զենք մատակարարվի, իսկ եթե այդ մատակարարումը տեղի է ունենում, պետք է անպայման ավելի հզոր զենք ստանա նաև Հայաստանը»:
«Եթե այս տրամաբանությանը հետևեն բոլորը, կարծում եմ, շատ լավ կլինի տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման համար», - նշեց նա: