05/09/2017 10:13
Դանիայի պես թիմի հետ խաղում չի կարելի այսքան գնդակ կորցնել. Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ
Աշխարհի 2018 թ. առաջնության ընտական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը։
- Պարոն Պետրոսյան, արդյո՞ք թիմն արժանի էր խոշոր հաշվով պարտության:
- Չեմ կարծում: Խաղը լավ սկսեցինք, բայց չէինք կարողանում պայքարել գնդակի համար երկրորդ հարկում, քանի որ մրցակցի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ էին: Մեր սխալների արդյունքում նախ թույլատրեցինք հաշիվը հավասարացնել, այնուհետև` երկրորդ սխալից հետո, նրանք ստացան տուգանայինի հնարավորություն և առաջ անցան հաշվի մեջ:
- Առաջին և երկրորդ կեսերում խաղի պատկերը գրեթե նույնն էր: Եթե առաջին կեսում մեզ մոտ գրոհելը ստացվում էր, ապա երկրորդում ինչ-որ բան խանգարում էր: Արազ Օզբիլիսի փոփոխությունն էլ հավանաբար միտված էր առջևում սրություն մտցնելու մեջ: Ի՞նչը չէր ստացվում հարձակման սուր եզրում, և արդյո՞ք Արազ Օզբիլիսն արդարացրեց սպասելիքները:
- Երբ դու փորձում ես գրոհ սկսել ու առաջին փոխանցումը միանգամից մրցակցի ֆուտբոլիստի մոտ է հայտնվում, այդ ժամանակ շատ դժվար է լինում գրոհ զարգացնել: Ասեմ ավելին՝ երբ հոգնածության ֆոնին երկրորդ խաղն ես անցկացնում ու լինում են գնդակի կորուստներ, որից հետո ամբողջ թիմով հետ պիտի վազես՝ գալիս է ժամանակ, որ ուժերդ էլ չեն բավականացնում: Արազին այդ իսկ պատճառով էլ մտցրինք խաղադաշտ, որպեսզի գնդակ ընդունի, փոխանցում կատարի ու ինչու չէ՝ հնարավորության դեպքում հարված կատարի դարպասին: Ցավոք, դա նրա մոտ չստացվեց:
- Երեկ խոսեցինք կենտրոնական պաշտպանի դիրքում խնդրի մասին: Եվրոպական գրեթե բոլոր թիմերն ունեն բարձրահասակ կենտրոնական պաշտպաններ: Նաև մեզ մոտ փոխանցումների խոտանն է շատ բարձր: Ինչպե՞ս պետք է լրացնել այդ բացերը:
- Եվս մեկ անգամ նշեմ՝ մենք ունեինք չորս օր ժամանակ, և այդ ընթացքում ինչ-որ բան փոխելը շատ դժվար է։ Դա պետք է փոքրուց սովորեցնել, իսկ ակումբներում դրա վրա աշխատել: Մեզ խանգարեց տեխնիկական խոտանը: Մենք շատ շուտ գնդակ էինք կորցնում, իսկ Դանիայի պես մրցակցի դեմ խաղում դա լուրջ խնդիր է: Բարձրահասակ ֆուտբոլիստների դեմ պետք է խաղալ քանակական առավելությամբ: Մենք ունեինք այդ առավելությունը, և իրենց փոխանցումների 97-98%-ը չեզոքացրել ենք, իսկ այն կարևոր 2-3 դեպքերի ժամանակ չկարողացանք ճիշտ դիրք գրավել և թույլ տվեցինք հակառակորդին դարպասը գրավել:
- Պարոն Պետրոսյան, եղե՞լ է մեկնարկային կազմի հետ կապված սխալ որոշում և եթե այո, ապա ո՞ր դիրքում։
- Ես կարծում եմ, որ սխալ չի եղել: Խաղացել ենք մեր ձեռքի տակ եղած ֆուտբոլիստներով: Պաշտպանության գծում առհասարակ այլ տարբերակներ չունեինք: Հարձակման գծում էլ Ռուսլան Կորյանի խաղադաշտ դուրս գալը սխալ որոշում չէր, քանի որ նա շատ լավ խաղ անցկացրեց: Տիգրան Բարսեղյանի հոգնածության ֆոնին էլ խաղը սկսեց Սարգիս Ադամյանը, ով բավականին մեծ աշխատանք կատարեց: Արտակ Գրիգորյանն ու Արտակ Եդիգարյանը նույնպես անցած խաղին չէին մասնակցել և նրանք նույնպես բավական մեծ աշխատանք տարան: Ցավալին այն է, որ ամեն խաղին մենք հարկադրված փոփոխություններ ենք կատարում։ Դրանցով մենք ինչ-որ բան չենք փոխում, թե Կորյանի, թե Հայրապետյանի փոփոխություններն էլ պարտադրված էին։ Գաել Անդոնյանն էլ մինչև վերջին րոպեն ցավերով էր խաղում: Ես հարցրի նրան` արդյո՞ք նա ուզում է փոխարինվել, քանի որ մենք ունեինք ընդամենը մեկ փոփոխության հնարավորություն, և Գաելն ասաց, որ մինչև վերջ կարող է խաղալ:
- Երկրորդ խաղում անընդմեջ մարտավարական փոփոխություններ եք կատարում: Կարելի՞ է ասել, որ նոր փուլի եք պատրաստվում:
- Եթե շարունակեմ աշխատանքս այստեղ, ապա կարելի է այդպես ասել (ծիծաղում է-խմբ.)։ Գրեթե նույն տակտիկական դասվորությունն էր, ինչ Ռումինիայի դեմ խաղում: Այս անգամ երբ մենք գնդակով էինք՝ Կորյանը խաղում էր որպես երկրորդ հարձակվող, իսկ երբ թիմը պաշտպանվում էր՝ նա խաղում էր Մխիթարյանի կողքին: