05/09/2017 14:53
Բարտոմեու. Սխալ էր Նեյմարին հավատալը, իսկ Մեսսին երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնի» հետ
«Բարսելոնի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրություններն ու հավաստիացրել, որ հարձակվող Լիոնել Մեսսին երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ, հայտնում է Championat.com-ը:
Ավելի վաղ Բարտոմեուն նշել էր, որ պաշտոնապես Մեսսին պայմանագիրը կերկարաձգի հուլիսի կեսերին մինչև 2021 թվականը, սակայն իսպանական մամուլը նշում էր, որ դա այդպես էլ տեղի չի ունեցել.
«Մեսսին արդեն երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնի» հետ, շուտով կանենք նաև պաշտոնական լուսանկարները», - Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Sport պարբերականը:
Բարտոմեուն նաև խոսել է Նեյմարի` 222 մլն եվրոյի դիմաց ՊՍԺ տեղափոխվելու մասին:
«Սխալ էր Նեյմարին և իր հորն այդքան հավատալը: Բայց Նեյմարի հեռանալը հնարավորություն է թիմային խաղին վերադառնալու և մեր սաների վրա ներդրումներ կատարելու համար», - ասել է կապտա-նռնագույնների նախագահը: