05/09/2017 14:04
Ես և Ռիկի Մարտինը միասին չենք աշխատում, բայց կապը միշտ պահում ենք. Զումբա պարարվեստի համահեղինակ Պեդրո Կամաչոն Հայաստանում տեսահոլովակ է նկարահանել
Սեպտեմբերի 1-ից 4-ը Հայաստանում էր գտնվում Զումբա սպորտային պարարվեստի համահեղինակ Պեդրո Կամաչոն, ով համագործակցել ու շարունակում է համագործակցել համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք աստղերի հետ: Երիտասարդ պարողը նաև Ռիկի Մարտինի պարային խմբի ղեկավարներից է:
Սա Պեդրոյի՝ հայաստանյան 2-րդ այցն է, որի ընթացքում նրան ուղեկցում էին ազգությամբ հայ գործընկերներ իտալաբնակ Ջեմմի Մխիթարյանն, ով նաև այս այցելության կազմակերպիչն է և Դուբայում բնակվող ֆիտնես-պարուհի Լուսինե Ասլանյանը:
Հայաստանյան 4 օրերի ընթացքում Դոմինիկյան Հանրապետությունում ծնված և Իտալիայում բնակություն հաստատած պարողը տեսահոլովակ նկարահանեց:
«Գրեթե 3 ամիս առաջ առաջին անգամ Հայաստան գալով ու քիչ թե շատ ծանոթանալով մեր ավանդույթներին, ինչն իր համար նորություն էր՝ Պեդրոն որոշեց այստեղ տեսահոլովակ նկարահանել: Հայկական երաժշտությունը, հայերի ջերմությունն ու խոհանոցը նրան ուղղակի գրավել ու ոգևորել են, ինչից ելնելով էլ որոշել է տեսահոլովակ նկարահանել հենց Հայաստանում՝ ընդգրկելով ամբողջ Հայաստանը: Պեդրոն դրանում ոչ միայն պարելու, այլև երգելու է, նկարահանվելու ենք նաև ես և Լուսինեն: Պեդրոյին Հայաստան բերելն իմ գաղափարն էր, փորձեցի այդպես այստեղ աշխուժացնել «Զումբայի» նկատմամբ հետաքրքրությունը», - Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ջեմմի Մխիթարյանը:
Պեդրո Կամաչոն էլ հավելեց, որ Հայաստանն իր համար կարևոր է նաև նրանով, որ ինքը քրիստոնյա է ու տեղյակ է, որ Հայաստանն առաջին քրիստոնյա երկիրն է:
«Ինձ հետաքրքրում է հայկական և լատինո երաժշտության սինթեզը, դա շատ հետաքրքիր կլինի… Գիտեք, ես շատ եմ ցանկանում, որ Հայաստանում էլ «Զումբան» այնպիսի ճանաչում ունենա, ինչպիսին աշխարհում է: Աշխուժություն տիրի: Նոր նկարահանվող տեսահոլովակի միջոցով էլ ցանկանում եմ Հայաստանն ամբողջ աշխարհին ներկայացնել», - նշեց Պեդրոն:
Նկատառմանը՝ միջազգային ճանաչում ունեցող աստղերը երբեմն բավական բծախնդիր լինելով հանդերձ խնդիրներ չե՞ն առաջացնում իր համար, ո՞ւմ հետ է առավել հեշտ և ո՞ւմ հետ առավել դժվար աշխատելը, պատասխանեց.
«Իսկապես, ես աշխարհով մեկ շատ համերգային ծրագրերի, միջոցառումների եմ մասնակցել, շատ հայտնի երգիչների հետ եմ աշխատել, ինչպիսիք են Բետտո Պերեսը, ինչպես դուք նշեցիք՝ Ռիկի Մարտինը և այլք… Ի դեպ, այս պահին ես և Ռիկի Մարտինը միասին չենք աշխատում, բայց կապը միշտ պահում ենք: Հորեղբորս տղան էլ նրա խմբում է պարում… Բայց ասեմ՝ այնպես չի, որ բոլորի հետ պարտադիր անմիջական շփում ունենք, մեծամասամբ առանձին ենք աշխատում, հետո բեմում կամ տեսահոլովակում միասին հայտնվում: Ինչ վերաբերում է դժվարությանը, ապա ամենաբարդը ռեփեր Փիտբուլի հետ աշխատելն է, նա շատ գոռոզ ու բարդ բնավորությամբ մարդ է»:
Անդրադառնալով հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ համագործակցությանը՝ Պեդրո Կամաչոն համեստորեն նկատեց, որ այստեղ իրեն դեռ այնքան էլ չեն ճանաչում:
«Չեմ սպասում, թե բոլորն ինձ հրավերներ են անելու, քանի որ սա իմ՝ ընդամենը 2-րդ այցելությունն է: Ճիշտն ասած՝ Էմմիի հետ ենք պայմանավորվել միասնական երգ ներկայացնելու համար, բայց քանի որ միմյանց այնքան էլ չենք ճանաչում, դեռևս չենք իրականացրել: Տեսնենք՝ ինչ կլինի», - ընդգծեց նա:
Զումբայի համահեղինակը հայաստանյան տեսարժան վայրերից դեռևս միայն Գառնիում ու Գեղարդում է եղել, շատ է հավանել հայկական լավաշն ու դոլման:
Զրույցի վերջում Պեդրո Կամաչոն Aysor.am-ի միջոցով շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդին՝ ջերմ ընդունելության և հյուրասիրության համար: Խոստովանեց՝ մի մեծ նպատակ-ցանկություն ունի՝ տեսնել, որ հայ տատիկներն ու պապիկները, երեխաներն ու երիտասարդները զումբա-ֆիտնեսով են զբաղվում՝ բարձր պահելով տրամադրությունը՝ հետևելով սեփական առողջությանը: Սա ընտանեկան պար է, որը օգտակար է թե՛ մարմնի, թե՛ հոգու, թե՛ մտքի համար: