05/09/2017 16:33
Պուտինի հայտարարությունը երկշերտ ցինիզմ է պարունակում. Ռուբեն Մեհրաբյան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե զենքի մատակարարումը հակամարտության գոտի միայն խորացնում է իրավիճակը, «պարունակում է երկշերտ ցինիզմ», Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը։
Առաջին շերտն, ըստ քաղաքագետի, այն է, որ խոսքը Ուկրաինային զուտ պաշտպանական նշանակության սպառազինություն մատակարարելու մասին է։
«Սրա մասին նույնիսկ ասել էր Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը, նշելով՝ եթե դու ագրեսոր չես, ապա պաշտպանական զենքը չի կարող ոչինչ ապակայունացնել և չի կարող լինել սպառնալիք։ Բացի դրանից, Պուտինն ասաց նաև այլ բան, որ այդ դեպքում ինքնահռչակ հանրապետություններն ունեն բավարար քանակի զենք, որը կարող են կիրառել կոնֆլիկտի այլ գոտիներում», - նշեց Ռ.Մեհրաբյանը։
Երկրորդ շերտը, Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, ուղղակի ակնհայտ է. «Եթե այդպես է և եթե զենքի մատակարարումը, ինքդ ես ասում, որ ապակայունացնում է, ապա բարի եղիր նաև պատասխան տաս նրա համար, թե ի տարբերություն Ուկրաինայի պաշտպանական զենքի մատակարարումների, քո կողմից հարձակողական զենքի մատակարարումն Ադրբեջանին խոսում է այն խաղաղասիրությա՞ն մասին կամ հակամարտությունը կարգավորելո՞ւ մասին, ինչի մասին խոսում է քո արտգործնախարարը»։
Ռ.Մեհրաբյանը նշեց, թե սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը գործ ունի «պարզապես միջազգային հանցագործների հետ, որոնք ուղղակի որևէ կապ չունեն բարոյականության հետ»:
Եվ դրանց հետ ոչ թե պետք է դաշնակցել, այլ թնդանոթի կրակոցի հեռավորության վրա գտնվել», - ասաց նա:
Ռ.Մեհրաբյանի գնահատմամբ՝ խնդիր է նաև, որ Վլադիմիր Պուտինի ասածը հակասում է իր արածին։