05/09/2017 13:48
Ֆելիքս Խաչատրյանը Հանրայինում կբացահայտի «Սիրո բանաձև» (Տեսանյութ, ֆոտոշարք)
Սիրված հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանը երկար հեռուստադադարից հետո վերադառնում է հայկական եթեր: Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանում Ֆելիքս Խաչատրյանը կներկայանա նոր նախագծով, որի շրջանակում մեզ ծանոթ ու սիրելի աստղային զույգերը կփորձեն պարզել, թե որքան լավ են ճանաչում միմյանց: Անսպասելի հարցերն ու առաջադրանքները նրանց կստիպեն անկեղծանալ ու բացահայտել բաներ, որոնց մասին նույնիսկ չէին էլ կասկածում: Ու՞մ պատճառով ընտանիքի մեկը երկու չի լինում, ո՞ւմ չի կարելի վստահել նույնիսկ ջահի լամպը փոխելու պարտականությունը, իսկ ո՞վ կարող է մոռանալ ամուսնության հերթական հոբելյանը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կգտնվեն հաղորդման շրջանակում:
Հաղորդման մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին, կցուցադրվի յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 20:30-ին:
Հիշեցնենք, որ Ֆելիքս Խաչատրյանը 2001-2008 թթ-ին եղել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարը և վարել տարբեր ծրագրեր, այդ թվում՝ «Օտար խաղեր», «Թեժ տասնյակ», «Երկու աստղ» և այլն:
Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի 11-ին, որով և կազդարարվի մի շարք նոր ու թարմ հաղորդումների և հետաքրքիր նախագծերի սկիզբը: