06/09/2017 23:51
Անտառում հրդեհը սաստկանում է, իսկ փրկարարները չեն օգտագործում ամբողջ ներուժը. Բյուրականի բնակիչ
Արագածոտնի մարզում՝ Բյուրականի մոտակա անտառածածկ տարածքում բռնկված հրդեհը ահագնանում է, Aysor.am-ի հետ զրույցում ահազանգում են տարածքի գյուղերի բնակիչները:
Նրանց խոսքով, քամին ողջ օրվա ընթացքում սաստկացրել է հրդեհը ու մոտեցրել գյուղերին։
«Չորրորդ օրն է նույն իրավիճակն է ու կրակը գնալով շատանում է, լրատվամիջոցները խոսում են 70 հեկտարի մասին միայն, բայց քարտեզով կարող եմ ապացուցել, որ հարյուրավոր հեկտարներ են այրվում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բյուրականի բնակիչ Պողոս Հովհաննիսյանն, ով քանի օր է մասնակցում է հրդեհաշիջման աշխատանքներին:
«Ձորափ գյուղի կողմում եղած հրդեհը, կարծես թե, հաջողվել է հանգցրել, բայց Բյուրական գյուղի կողմում կրակը մոտենում է Անտառուտ գյուղին։ Հիմա այնտեղ ենք գնում», - ասաց Բյուրականի բնակիչը:
Նա նշեց, որ հրշեջ մեքենաների մեծ մասը ջրով բեռնված կանգնած են ճամփեզրին և չեն մոտենում կրակի օջախներին՝ պատճառաբանելով, որ հատվածն անանցանելի է:
«Բայց երեկ, օրինակ, բուլդոզերով ճանապարհ ենք բացել, որ գան հասնեն կրակին, էլի չեն գալիս, ասում են՝ «հրաման չունենք»: Հիմա Բյուրական գյուղի 100-ից ավեի բնակիչներ ենք այստեղ ու գնում ենք այդ նոր շատ ուժեղ բռնկված օջախը: Երեկ էլ մի օջախ հանգցրեցինք, երեկոյան 5-ից հետո ԱԻՆ-ը պետք է ուղղակի հետևեր, որ նորից չբռնկվի: Հենց ժամը 5-ին մենք այնտեղից վերադարձանք, տեսնենք՝ միանգամից մեր հետևից փրկարարներն էլ թողեցին, եկան, ինչը նոր բռնկման բերեց», - ասաց Պողոս Հովհաննիսյանը։
«Փրկարարներից, իհարկե, կան ջոկատներ, որ, իրոք, հալալ է էդ տղերքին, բայց եթե իրանք ամբողջ ուժով կպնեին, այդ կրակի հանգցնելն երկու ժամվա պատմություն էր», - պատմեց Բյուրականի բնակիչը։
Ավելի վաղ ԱԻՆ լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանը Aysor.am-ի հետ զրույցում ասել էր, որ մարման աշխատանքները շարունակվում են։
«Մերձակա բնակավայրերին վտանգ չի սպառնում։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 19 մարտական հաշվարկ, 164 փրկարար ծառայող», - ասել էր Գ.Բաղդասարյանը։
«Իրավիճակը գրեթե նույնն է», - նշել էր նա։