06/09/2017 09:28
Սոցապնախարարությունը վերահսկելու է նպաստառու ընտանիքների եկամուտը. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սեպտեմբերի 1-ից ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիները պարտավոր են սոցիալական ծառայության համապատասխան ստորաբաժանում ներկայացնել ընտանիքի բացակա անդամի գտնվելու վայրի մասին տեղեկանք: Պարզվում է, որ սա արվում է, որպեսզի պետությունը տեղյակ լինի, թե նպաստ ստացող ընտանիքի անդամներից որևէ մեկը` հիմնականում ընտանիքի հայրը գտնվում է արտագնա աշխատանքի, թե` ոչ: Այս համակարգի ներդրման միակ նպատակն այն է, որ սոցիալական ծառայությունում կարողանան վերահսկել, թե նպաստ ստացող ընտանիք ինչ եկամուտ է մտնում:
Սահմանված կարգի համաձայն` բացակայության 3-րդ ամսում, ընտանիքի անդամների կողմից պետք է պարտադիր համապատասխան դիմում ներկայացվի, թե որքան է կազմում արտերկրից ուղարկվող եկամուտը»:
«Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ՀՀ սոցապնախարար Արտեմ Ասատրյանը մեկնաբանել է այս նորամուծության նպատակը:
«Ընտանիքները դիմում են նպաստ ստանալու համար և պետք է հստակ ճշտենք նրանց անապահովության աստիճանը: Անապահովության աստիճանի տեղեկատվության ճշգրտման շրջանակն ընդլայնվում է: Այս աշխատանքները շարունակական բնույթ են կրում», - նշել է նախարարը:
Հարցին, թե դա արվում է, որ նվազեցվեն նպաստ ստացող ընտանիքների թիվը, նախարարը ջղաձգվել է, իսկ հարցն արհեստական է որակել. «Ձեր հարցադրումը շատ արհեստական է, ի՞նչ է նշանակում` զրկվելու են ընտանեկան նպաստից...», - նշել ու հեռացել է նախարար Ասատրյանը: