06/09/2017 13:05
Ադրբեջանի կառավարության ամենավստահելի լրագրողը Բագրատյանին պատմել է, որ վրացիները քամում են Բաքվին, իսկ Ալիևը շատ էր ցանկանում գազամուղը Հայաստանով անցկացնել
Ադրբեջանական «հաքքին.ազ» կայքը տեղեկություն է հրապարակել, որ Կրինիցայի տնտեսական ֆորումի շրջանակում (Լեհաստան) ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին հայտարարել է, որ Հայաստանը միջուկային զենք ունի: Նյութի հեղինակն է լրագրող Զաուր Ռասուլզադեն:
Մեկնաբանություն ստանալու համար Հ.Բագրատյանի հետ խոսել չհաջողվեց, սակայն Կրինիցայի տնտեսական ֆորումին մասնակցող մեր գործընկերներից մեկը պատմեց, որ Հ.Բագրատյանը ադրբեջանցի լրագրողին հարցազրույց չի տվել:
«Կանգնած ենք եղել լեհ կազմակերպիչի հետ, երբ մոտեցել է այդ կայքի լրագրողը և հարցազրույց խնդրել: Հ.Բագրատյանը պատասխանեց, որ բանավոր հարցազրույց չի տա և կպատասխանի միայն գրավոր հարցերին, և փոխանցեց իր այցեքարտը։ Դրանից հետո լրագրողը երդվեց, կովկասցի տղամարդու խոսք տվեց, որ ոչինչ չի գրի, և խոսք բացեց «ատոմային ռումբի» մասին, իսկ Հ.Բագրատյանը ուղղեց նրան, որ ռումբ չէ, զենք է։ Այդ թեմայի շուրջ եղավ խոսակցություն, որի ընթացքում Հ.Բագրատյանը բացատրեց, որ Հայաստանի վրա հարձակումն Ադրբեջանի համար ցավոտ կլինի», - պատմեց Aysor.am-ի զրուցակիցը:
Նա ասաց, որ հարցազրույց չի եղել, այլ «կանգնած խմբով խոսում էինք, որի ընթացքում տարբեր թեմաներ են շոշափվել»:
«Իսկ որպեսզի պատկերացնեք, թե ինչ մակարդակի էր խոսակցությունը, ընդամենն ասեմ, որ այդ նույն ադրբեջանցի լրագրողը երդվում էր, որ Հեյդար Ալիևը շատ էր ցանկանում գազամուղը Հայաստանով անցկացնել, քանի որ վստահ էր, որ վրացիներն իրենց քաշելու են, ինչն էլ, ըստ նրա, այսօր տեղի է ունենում։ Լրագրողը նաև պնդում էր, որ այսօր վրացիները քամում են Ադրբեջանին։ Ի դեպ, այդ լրագրողը նշում էր նաև, որ կառավարության ամենավստահելի ժուռնալիստներից է», - պատմեց մեր զրուցակիցը: