07/09/2017 14:12
Արամ MP3-ին և Գարիկ Պապոյանը վերադառնում են Հանրային հեռուստաընկերություն
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում նոր հաղորդմամբ կներկայանան սիրված երգիչ, հումորիստ Արամ MP3-ին և Գարիկ Պապոյանը: «Լավ երեկո» խորագիրը կրող հաղորդումը եթերում կլինի յուրաքանչյուր ուրբաթ՝ «Օրակարգ» լրատվական ծրագրի հիմնական թողարկումից հետո:
Նախագիծը հիշեցնում է ողջ աշխարհում հայտնի և սիրված «Երեկոյան շոու» ձևաչափը: Հաղորդավարները ծրագրի շրջանակում կհյուրընկալեն հայաստանյան և համաշխարհային ճանաչում ունեցող անձանց, կքննարկեն շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հետաքրքիր և կարևոր իրադարձությունները:
Հանդիպումը ոչ պաշտոնական ձևաչափ կունենա, հագեցած կլինի հումորային բեմականացումներով, երաժշտական համարներով և շատ ու շատ զվարճալի ու ուշագրավ տեսանյութերով: Հյուրերը հաղորդավարների հետ միասին կմասնակցեն նաև ժամանցային ու ինտերակտիվ խաղերի:
«Լավ երեկո»-ն խոստանում է հեռուստադիտողներին լավ տրամադրություն փոխանցել և հետաքրքիր ժամանց ապահովել:
Հանրային հեռուստաընկերության աշնանային նոր եթերաշրջանի մեկնարկը պաշտոնապես կտրվի սեպտեմբերի վերջին: