07/09/2017 13:44
Հարություն Խաչատրյանը պատրաստվում է թեկնածությունն առաջադրել Կինոմիության նախագահի պաշտոնում
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը 14 տարի անընդմեջ պաշտոնավարելուց հետո սեփական դիմումի համաձայն ազատվել է այդ պաշտոնից: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով որոշման պատճառներին՝ Հարություն Խաչատրյանը նկատեց.
«Արդեն կարողացել եմ այս փառատոնը ոտքերի վրա ամուր կանգնեցնել, ու այն գնում է իր կայուն ճանապարհով: Փառատոնը շարունակելու համար այլևս մեծ ջանքեր պետք չեն: Նաև կարող եմ գաղտնիք բացել ու ասել, որ պատրաստվում եմ իմ թեկնածությունը դնել Կինոմիության նախագահի պաշտոնում: Իսկ մի քանի գործ հնարավոր չէ միաժամանակ անել, պետք է հնարավորինս ազատ ժամանակ ունենալ: Այնպես որ, իմ ազատման միակ պատճառն այն է, որ կինոյին օգնելու ավելի կարևոր ասպարեզ է բացվել, իսկ կինոն օգնության կարիք ունի, անկասկած»:
Հ. Խաչատրյանի վստեհեցմամբ՝ ի սկզբանե չի մտածել նոր պաշտոնի մասին, սակայն, երբ բազմաթիվ առաջարկներ ունեցավ ոլորտի գիտակներից, որոշեց առաջադրվել: Հուսով է՝ հոկտեմբերի 7-ին տեղի ունեցող ընտրությունների արդյունքում ինքը կղեկավարի այս ոլորտը:
«Հիմա շատ բան ունեմ հասցնելու, զբաղված եմ ծրագրեր կազմելով, եթե ընտրվեմ, ապա ինձ բավականին լուրջ ու պատասխանատու աշխատանք է սպասվում», - նշեց նա:
«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: Նախկին տնօրենը լիովին կողմնակից է այս ընտրության հետ:
«Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբուլցյանը և ես այս փառատոնների հիմնադիրներն ենք, պարտադիր էր, որ հենց նրանցից մեկը փոխարիներ ինձ: Գործի մեջ են հենց սկզբից ու փառատոնի մասին ամեն ինչ գիտեն, անգամ փակ աչքերով կարող են շարունակել իմ աշխատանքը: Աստված տա՝ ընտրություններում հաջողվեմ՝ բոլորի հետ էլ համագործակցելու եմ, լինեն փառատոններ, անհատներ թե միություններ: Բոլորին պետք է հավաքենք մի տանիքի տակ, որպեսզի կարողանանք կինոն հանել ճգնաժամային վիճակից», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Հարություն ԽԱչատրյանը: