08/09/2017 13:02
Ադրբեջանի զինուժը կրակել է Վազաշենի դպրոցի ուղղությամբ (Տեսանյութ)
Սեպտեմբերի 7-ին, ժամը 12:00-ի սահմաններում Ադրբեջանի զինուժը կրակոցներ է արձակել Վազաշեն գյուղի դպրոցի ուղղությամբ, Aysor.am-ի թղթակցի փոխանցմամբ, տեղեկացրել է Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը։
Գյուղի բնակիչներից Փիրուզա Գրիգորյանը տեղեկացրեց, որ կրակոցների ժամանակ ինքը շտապել է նախակրթարան՝ երեխային վերցնելու։ «Ես մանկությունից սովոր եմ կրակոցներին, բայց երբ ականն ընկավ կողքս ու հողը թափվեց վրես, շատ վախեցա, հարևաններն օգնության հասան», - պատմեց կինը։
«Մենք՝ ավագներս, տագնապի մեջ չենք ընկնում, բայց երեխաներ կան, որ ցնցումների մեջ են ընկնում, ծնողները շտապ վազում են դպրոց՝ հասկանալու հո վատ բան չի՞ պատահել», - Վազաշեն այցելած լրագրողներին ասաց գյուղի դպրոցի տնօրենը։
Ս.Խաչատչյանն ասաց նաև, որ դպրոցի ապաստարանում երեկ երեխաները մնացել են շուրջ մեկ ժամ, մինչև կրակոցները որոշակի դադարել են։
Տնօրենի խոսքով, դպրոցը հաճախ է հակառակորդի կրակոցների թիրախում հայտնվում և այդ պահերին երեխաներին անմիջապես տեղափոխում են դպրոցի ապաստարաններ։ Խաչատրյանը տեղեկացրեց, որ ապաստարանը կառուցվել է այս տարվա փետրվարին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից։