08/09/2017 16:00
IWF-ի նախագահը պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա
Այսօր Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան պաշտոնական նամակ է ստացել միջազգային ֆեդերացիայի նախագահ Տամաշ Այանից:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ IWF-ի նախագահը նշել է, որ 2017 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին որակազրկելու տեղեկությունն առայժմ ոչ պաշտոնական է:
«Մենք արդեն տեղեկացրել էինք 2016 թվականի հունիսի 22-ին Թբիլիսիում կայացած ժողովում ընդունված որոշման մասին: Ըստ այդ որոշման, պատժամիջոցներ պետք է կիրառել այն հավաքականների նկատմամբ, որոնց երեք եւ ավելի մարզիկների դոպինգ թեստերը դրական արդյունք են ունեցել 2008 թ. և 2012 թ. օլիմպիական խաղերի ժամանակ:
Այժմ համապատասխան հանձնաժողովը պետք է որոշում ներկայացնի գործադիր կոմիտեին: Որոշումը կհամարվի պաշտոնական միայն գործադիր կոմիտեի ժողովից հետո՝ ձեզ ուղարկված նամակով: Այդ մասին կհաղորդենք որքան հնարավոր է շուտ», - ասված է նամակում։
Հայաստանի հակադոպինգային ծառայության ղեկավար Արեգ Հովհաննիսյանը ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրել է, որ իրենք եւս ինֆորմացիա են ստացել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայից: Նամակում նշված է, որ ստեղծվել է «Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մաքուր սպորտի հանձնաժողով», որը քննարկումներ կկատարի եւ սեպտեմբերի 12-ի իրենց ժողովում առաջարկներ կներկայացնի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեին:
Այդ առաջարկները վերջնական կքննարկվեն սեպտեմբերի 30-ին՝ Բուխարեստում կայանալիք միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի ժողովում:
Արեգ Հովհաննիսյանի կարծիքով՝ ֆեդերացիաներին կպատժեն ըստ դոպինգ թեստերի դրական արդյունքների քանակի եւ վերջին տարիներին մարզիկների պահվածքի: