08/09/2017 16:05
Բոլոր մարզաձերի մարզիչները պարտադիր պիտի լիցենզավորվեն. Գոռ Վարդանյանը խորհրդակցություն է անցկացրել
Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի անդամների հետ, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Խորհրդակցությանը մասնակցել են աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, «Երևանի սպորտկոմիտե» ՀՈԱԿ տնօրեն Հրանտ Ենոքյանը, Հայաստանի կյոկուշին կարատեի ասոցիացիայի մարզիչները: Ասոցիացիան բաղկացած է 8 առանձին ֆեդերացիաներից, որոնցից խորհրդակցությանը մասնակցել են 5-ի ներկայացուցիչները:
Գոռ Վարդանյանը նշել է, որ ինչպես կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի, այնպես էլ մյուս մարզաձևերի ձևավորվող ֆեդերացիաների գործունեության հիմքում լինելու է հստակ ու համախմբված աշխատանքը, մասնավորապես մարզիչների պարտադիր լիցենզավորման, մարզումային ճիշտ ժամանակացույցի, ֆեդերացիայի և մարզչական կազմի ակտիվ համագործակցություն և այլ առումներով:
Քաղաքապետի խորհրդականը բեղմնավոր աշխատանք ու հետագա հաջողություններ է մաղթել Հայաստանի կյոկուշին կարատեի ասոցիացիայի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանին: Գոռ Վարդանյանը կարևորել է նաև ասոցիացիայի կազմում գործող ևս 3 ֆեդերացիաների ներգրավվածությունը Երևանի ֆեդերացիայի աշխատանքներում:
Կյոկուշին կարատեի Երևանի նորաստեղծ ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանը վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայի համագործակից կառույցների հետ միասնական աշխատանքի ու նոր ձեռքբերումների համար: Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանն էլ վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը մայրաքաղաքային ֆեդերացիաներին, մարզիչներին ու մարզիկներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու համար: