08/09/2017 14:00
Կարոտել եմ Երևանը. «Վերվարածների» Կնյազը տեսաուղերձով դիմել է երկրպագուներին
Գյումրեցի սիրված դերասան Արտյոմ Կարապետյանը, կամ նույն ինքը՝ «Վերվարածներ»-ի Կնյազն ու «Բանակում»-ի Մինասը, օրեր առաջ Aysor.am-ին տված բացառիկ հարցազրույցում անակնկալ էր խոստացել բոլոր այն կասկածամիտ հեռուստադիտողներին, ովքեր իր՝ «Անուղղելիներ» սերիալում բացակայությունը պայմանավորում էին «Շանթ» հեռուստաընկերության հետ կոնֆլիկտով:
Դերասանը վստահեցրել էր, որ իր և հեռուստաընկերության միջև որևէ տարաձայնություն չկա, իրենք եղել և մնում են լավ բարեկամներ: Իսկ «Վերվարածների» տրամաբանական շարունակությունում իր չնկարահանվելը հիմնավորում էր միայն Հայաստանից բացակայությամբ:
Երեկ երեկոյից համացանցում է հայտնվել Արտյոմ Կարապետյանի խոստացած անակնկալը՝ տեսաուղերձի տեսքով:
«Կարոտել եմ ամեն ինչ ու բոլորին: Կարոտել եմ Երևանը, Գյումրին, Վանաձորը, Ալավերդին, Շուշին, Մեղրին, Ագարակը…», - հենց այս տողերով է իր ուղերձը սկսում Սանկտ Պետերբուրգում բնակվող դերասանը: