11/09/2017 16:31
ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին պետք է հիմա և պետք է լինելու մոտ հեռանկարում. Կարեն Բեքարյան
ԵԱՏՄ անդամակցությունը Հայաստանին պետք է եղել անդամակցելու պահին, պետք է հիմա և պետք է լինելու մոտ հեռանկարում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանը։
«Շատ պարզ չափորոշիչ կա. մեր ազգաբնակչության տարածքը և շուկան շատ փոքր է, ու եթե ուզում ենք տնտեսությունը, բիզնեսը զարգանա, արտադրողներն ու ծառայություն մատուցողները ունենան շուկա, ապա ԵԱՏՄ-ն այդ մեծ շուկան է։ Կարող է մեկին դուր գալ, մեկին՝ ոչ, բայց հարցեր կան, որ ճաշակով կամ պահով չեն լուծվում, պետք է ավելի լայն կտրվածքով դիտարկել», - նշեց Կ.Բեքարյանը:
Նա ընդգծեց, որ «Ելք»-ի տեսակետը հասկանալի է և պետք է դիտարկել վերջիններիս բերած փաստարկները ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս գալու համար, այլ հասկանալու, թե որտեղ չեն իրականացել սպասելիքները։ Պատգամավորը նկատեց, որ յուրաքանչյուր երևույթ պետք է երկկողմանի դիտարկել ու չարդարացված ակնկալիքների հետ մեկտեղ հասկանալ, թե ինչ է տվել Հայաստանին ԵԱՏՄ անդամակցությունը։
Անդրադառնալով «Ելք»-ի այն փաստարկին, որ ԵԱՏՄ անդամակցությունը թույլ չի տալիս երրորդ երկրների հետ համագործակցել՝ Կարեն Բեքարյանն ընդգծեց, որ թեև փաստարկը աղմկահարույց է հնչում, մինչդեռ երևութն այդպես չէ ու թեև, ԵԱՏՄ անդամ դառնալով Հայաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել, մինչդեռ դա չի խոչընդոտում երրորդ երկրների հետ հարաբերություններին։
«Հայաստանն իր մեծ նպաստը բերեց ու շարունակում է բերել ԵԱՏՄ-Իրան հարաբերությունները նոր հանգրվանի հասցնելու համար։ Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այսօր մենք հնարավորություն ունենք Վրաստանի հետ աշխատել փոխլրացման վրա։ Մենք ունենք ԵԱՏՄ ազատ հնարավորությունները բոլոր հարթություններում, և եթե վրացական բիզնեսը Հայաստանի տարածքով կամ Հայաստանի սուբյեկտայնությամբ կատարում է իր գործունեությունը, նա մտնում է ԵԱՏՄ։ Վրացիներն ունեն մեզանից բարձր տնտեսական հարաբերությունների էլեմենտ ԵՄ-ի հետ՝ ի դեմս ասոցացման համաձայնագրի: Եթե մենք իրենց հարթակներով մեր բիզինես գործառույթներն ենք իրականացնում, ապա այն հնարավորություններն ենք ստանում, որոնք իրենց համար են առկա։ Փոխլրացման շատ մեծ պոտենցիալ կա, որի մասին բազմիցս խոսվում է և քաղաքական օրակարգում էլ իր տեղն ունի», - հավելեց պատգամավորը։