11/09/2017 19:06
Ես քեռի եմ, ով միշտ «դաս» է տալիս իր զարմիկին. Գեորգի Հովակիմյանը՝ նոր ֆիլմի և հայ-վրացական նախագծի մասին
Երևանի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի և Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնների դերասան Գեորգի Հովակիմյանը հայկական կինեմատոգրաֆիայում, հատկապես՝ կոլորիտային կերպարներում, ամենապահանջվածներից է: Դերասանն այս օրերին էլ նկարահանվում է ռեժիսոր Մհեր Մկրտչյանի՝ Հանրային հեռուստաընկերության համար նախատեսված 12 մասանոց ֆիլմում, որը էկրանին կհայտնվի շուտով:
Բազմասերիանոց ֆիլմի գլխավոր հերոսի դերում Բաբկեն Չոբանյանն է, Գեորգի Հովակիմյանն էլ մարմնավորում է հերոսի մորեղբորը՝ Ավետին:
«Ֆիլմը մի մարդու մասին է, որ Արցախյան շարժման ժամանակ հայկական կողմից լրտեսային գործունեությամբ է զբաղվել: Երբ հետագայում վերադառնում է Հայաստան, սկսում են իրեն հետապնդել: Արդյունքում՝ նա մի քանի հոգու վերացնում է, հակառակ դեպքում այդ մարդիկ վատ կարող էին վարվել ոչ միայն իր, այլև՝ շատերի նկատմամբ: Ես նրա քեռին եմ, ով միշտ «դաս» է տալիս զարմիկին», - Aysor.am-ի հետ զույցում մանրամասնեց Գ. Հովակիմյանը:
Նրան հեռուստադիտողն առավել շատ հանդիպում է կատակերգական կերպարներում: Օրինակ՝ «Կյանք ու կռիվ»-ում նրա մարմնավորած գյումրեցի Սուրենը ժամանակ առ ժամանակ թոթափում էր հանդիսատեսի՝ ֆիլմից ստացած էմոցիոնալ, ծանր զգացողությունները: Ի դեպ, շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, թե Գերոգի Հովակիմյանը ծնունդով հումորի քաղաքից է:
«Իսկապես, ինձ անընդհատ նման դերեր են բաժին ընկնում, բայց կցանկանայի նաև առավել լուրջ կերպարներում հանդես գալ: Չնայած, փոքրիկ մի ֆիլմում՝ «Անպետք»-ում նմանատիպ կերպարով եմ ներկայացել: Ուրախ եմ, որ առիթ է լինում այդպիսի դերեր էլ խաղալ, բայց ափսոսում եմ, որ այդ առիթները հաճախակի չեն լինում… Ինչ վերաբերում է իմ՝ գյումրեցի լինելուն, ապա ես այդ հրաշք քաղաքի հետ որևէ կապ չունեմ: Շատ էի զարմացել, որ Մհեր Մկրտչյանն այս դերն ինձ տվեց: Ասում էի, որ չեմ կարողանա սովորել: Բայց նա պատասխանեց՝ չգիտեմ, ոնց ուզում ես՝ հաղթահարիր, բայց դու պիտի այդ դերը խաղաս: Ֆիլմից հետո երևի միայն այն մարդկանց մոտ է տպավորություն ստեղծվել, թե ես գյումրեցի եմ, ովքեր այնտեղից չեն: Որքան էլ կարողացա պահել բարբառը՝ հետագայում զգացի, որ այնքան էլ ճիշտ չեմ խոսում, սխալներ կան», - ժպիտով նկատեց մեր զրուցակիցը:
Դերասանն այս ընթացքում հանդես է գալիս նաև կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանի կողմից նկարահանվող Ալբեր Քամյուիի «Կալիգուլա» պիեսի հիման վրա պատրաստվող ֆիլմում, որի մեկնարկը տրվել է դեռևս նախանցած տարի: Նկարահանվում է նաև վրացական ու ռուսական ֆիլմերում: Ներկայումս էլ ընդգրկված է հայ-վրացական մի նախագծում, որը դեռևս քննարկման փուլում է:
«Սա բավական մեծ բյուջեով խաղարկային ֆիլմ է: Վրացական կողմն արդեն 100 տոկոսով պատրաստ է ֆիլմին, մնում է հայերը կարողանան հաստատել իրենց մասնակցությունը… Վարդան Մամիկոնյանի դուստր Շուշանիկի մասին է, ով եղել է տեղի բդեշխի կինը: Սցենարը հայերն են գրել ու առաջարկել վրացիներին, ովքեր էլ առաջարկը մեծ հաճույքով են ընդունել, քանի որ Շուշանիկը նաև իրենց Սրբերի շարքին է դասվում: Եթե ամեն ինչ հարթ ընթանա՝ գարնանից կսկսվեն այս ֆիլմի աշխատանքները», - նշեց նա:
Ընդունված երևույթ է՝ բոլոր ժամանակներում էլ ռեժիսորներն ընտրում են այն դերասաններին, որոնց հետ իրենց աշխատանքն առավել արդյունավետ են պատկերացնում: Ու այդ համագործակցությունը հաճախ ձգվում է գրեթե ողջ կյանքի ընթացքում: Կինոոլորտում՝ վերջին շրջանի զբաղվածությունից դատելով՝ Գեորգի Հովակիմյան-Մհեր Մկրտչյան համագործակցությունը մշտական բնույթ է կրում: Այս դերասանն ու ռեժիսորը, կարծես, գտել են միմյանց:
«Հուսամ՝ դա այդպես է: Բացի ֆիլմերից, նա նաև մեծ սիրով ինձ ընդունեց իր ղեկավարած թատրոն: Ի վերջո, ես էլ այդ թատրոնի ակունքներում եմ կանգնած, ինձ դեռ 1988 թվականին Ֆրունզիկ Մկրտչյանն էր հրավիրել: Նրա հետ 4-5 տարի՝ մինչև իր մահն, աշխատել եմ այդ թատրոնում: Աշխատել եմ նաև Ալբերտ Մկրտչյանի ղեկավարած ժամանակներում: Մի պահ այդ կապն ընդհատվեց, բայց հիմա նորից վերադարձել եմ… Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն, ըստ իս, շատ հետաքրքիր անձնավորություն է, ինքն էլ ինձ է համակրանքով վերաբերվում: Մինչև իր՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելը, հրավիրվեցի ու մեկ-երկու ներկայացման մեջ խաղացի, հետագայում էլ դարձա այդ թատրոնի հաստիքային դերասաններից մեկը»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Նկատառմանը՝ դժվար չէ՞ զուգահեռաբար աշխատել երկու թատրոններում, արդյոք մեկը մյուսին չի խանգարում, խոստովանեց.
«Եթե անկեղծ՝ մի քիչ հոգնեցնում է, նաև տեխնիկական որոշ անհարմարություններ են ստեղծվում ներկայացումներում խաղալու համար: Բայց այսօր ես միակը չեմ այդ կարգավիճակում, բոլորս էլ փորձում ենք այս կամ այն կերպ հարմարեցնել ու շտկել նման հարցերը»:
Թատրոնի դերասանը չհերքեց՝ աշխատավարձի չափը թատերական կառույցում նախանձելի թվեր չի կազմում, բայց դա չի խոչընդոտում որակյալ ու լավ ներկայացումներ բեմադրելուն ու դրանցում խաղալուն:
«Թատրոնն արտադրություն չի, որտեղ մարդիկ կկարողանան նորմալ աշխատավարձ ստանալ: Սա արվեստ է, իսկ այս աշխարհում, հիմնականում, արվեստին ֆինանսավորում է կա՛մ պետությունը, կա՛մ հովանավորները: Դա մեծ եկամուտ չի բերում: Իհարկե, պետության համար էլ դժվար է շատ թվով պետական թատրոններ պահելը… Բայց եթե գործդ սիրում ես, քեզ ոչինչ չի կանգնեցնի: Եթե գումարը շատ ավելի չնչին լիներ, միևնույն է, ես շարունակելու էի թատրոնում մնալ: Սա իմ աշխատանքն է, իմ սերը, որով ապրում եմ, հիանում, ուրախանում ու ոգևորվում: Ինքնահավան չեմ, բայց շատ լավ եմ զգում, որ հանդիսատեսն ինձ ծափահարում է: Դրանից էներգիա եմ ստանում ու պատրաստվում հաջորդ ներկայացմանը», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գեորգի Հովակիմյանը: