11/09/2017 17:11
Տարեցների հանրապետական խաղերում հաղթել է Երևանի թիմը
Ծաղկաձորում ավարտվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած Տարեցների հանրապետական խաղերը: Թիմային հաշվարկով խաղերի հաղթող է ճանաչվել Երևան քաղաքի թիմը (73 միավոր), 2-րդը ՀՀ Լոռու մարզի թիմն է (69,5 միավոր), իսկ 3-րդը՝ ՀՀ Արագածոտնի մարզի թիմը (64,5 միավոր):
Խաղերին մասնակցել է Հայաստանի Հանրապետության 221 տարեց քաղաքացի՝ ՀՀ մարզերից և Երևան քաղաքից: Կանանցից ամենատարեց մասնակիցը՝ 82-ամյա Ռիմա Մկրտչյանը, ներկայացրել է Լոռու մարզը, իսկ տղամարդկանցից ամենատարեց 79-ամյա Էդուարդ Գասպարյանը՝ Գեղարքունիքի մարզը: Նշենք, որ մասնակիցներն ուժերն են չափել շախմատ, շաշկի, նարդի և դարթս մրցաձևերում:
Կանանցից հաղթողներ են դարձել՝ Շուշանիկ Տեր-Հարությունյանը (նարդի), Մերի Մանգրյան (շախմատ), Ռիտա Դալլաքյան (շաշկի) և Հռիփսիմե Պոլոյան (դարթս): Տղամարդկանց պայքարում լավագույններն են ճանաչվել Սերոբ Թահմիզյանը (նարդի), Աշոտ Ավետիսյանը (շախմատ), Ստանիսլավ Հակոբյանը (շաշկի) և Ռաֆիկ Հակոբյանը (դարթս):
Անհատական հաշվարկով հաղթողներին ու մրցանակակիրներին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր և դրամական պարգևներ, իսկ թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերն արժանացել են գավաթների և շնորհակալագրերի: