11/09/2017 13:42
Ստեփանակերտի ֆուտբոլային դաշտում կմրցեն լրագրողները
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը 4-րդ անընդմեջ հաղթանակն է տոնում, նախապատրաստվելով Ստեփանակերտում սեպտեմբերի 22-24 կայանալիք ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջև միջազգային մրցաշարին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից հայտնում են, որ այս անգամ մարզադաշտում, որը սիրալիորեն տրամադրել էր ՊԵԿ-ը (նախկին «Միկա» սպորտհամալիր) հայ լրագրողները հաղթանակ տոնեցին ուժեղ ֆուտբոլիստներով կազմված հավաքականի նկատմամբ՝ 3-1 հաշվով:
Ստեփանակերտում կայանալիք մրցաշարը իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում և նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյանկին: Մրցումներին աջակցում են Արցախի Հանրապետության նախագահն և կառավարությունը, ինչպես նաև «Արցախբանկ» ՓԲԸ և «Սիլ Մաազա» ընկերությունը: Կազմակերպիչն է՝ Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ):
ԱԹԱ-ի նախագահ, ՀՀ լրագրողների ֆուտբոլային թիմի ավագ, «Իզվեստիա» թերթի թղթակից Տիգրան Հովհաննիսյանը հայտնեց, որ ԼՂՀ-ի մրցաշարում մասնակցելու են 6 թիմեր՝ Վոլգոգրադից, Օդեսայից, Բրյանսկից, Ախալքալաքից, Հայաստանից և Արցախից: Սկզբից թիմերը (ամեն մի պատվիրակությունում կլինեն 10 լրագրող) վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 խմբի, ամեն մեկում կլինեն 3 թիմ, որոնք կխաղան իրար մեջ: Ընդ որում ամեն մի խաղի տևողությունը կլինի 15 րոպե (երկու 7 րոպեանոց խաղակես) ընդմիջումով: Խմբային խաղերից հետո որոշվելու են կիսաեզրափակիչ խաղերի մասնակիցները, այնուհետև կայանալու է խաղ երրորդ տեղի համար և եզրափակիչ: Ոչ-ոքիի դեպքում կիսաեզրափակչում, եզրափակչում, երրորդ տեղի խաղի համար կնշանակվեն 5-րոպեանոց լրացուցիչ ժամանակ: Եթե այդ 5 րոպեն արդյունք չտա, ապա հաղթողը կորոշվի 5-յոթմետրանոց տուգանային հարվածների արդյունքում ամեն մի թիմի կողմից:
«Այս միջոցառման անցկացումը կարող է նպաստել ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը, հաստատել կապը Արցախի և միջազգային մամուլի ներկայացուցիչների միջև, արտասահմանյան ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել Արցախի ժողովրդի իրավունքին՝ ապրելու և լինելու իր երկրի ճակատագրի տերը»,- նշեց Հովհաննիսյանը:
Մրցաշարը անցկացվելու է Ստեփանակերտի Ստեփան Շաումյանի անվան կենտրոնական մարզադաշտում: Սա սիրողական ֆուտբոլ է, և դաշտը, որտեղ տեղի կունենան մրցումները, կիսվելու է 2 մասի, որտեղ ամեն մի մասում միաժամանակ կանցկացվեն խաղեր:
Մրցաշարի մասնակիցներին սպասում է նաև մշակութային ծրագիր՝ նրանք կայցելեն Գանձասարի վանական համալիրը, որը կառուցվել է 1216-1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից:
Եզրափակիչ ընթրիքը մրցաշարի մասնակիցներին կտրվի ԼՀՂ-ի նախագահ Բակո Սահակյանի կողմից: Մրցանակաբաշխության ժամանակ կարգևատրվեն 1-3 տեղեր զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 5 անվանակարգում աչքի ընկած մասնակիցները՝ լավագույն ռմբարկուն, պաշտպանը, կիսապաշտպանը, դարպասապանը և խաղացողը:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն ունի հարուստ պատմություն: Այն ստեղծվել է 1999 թվականին և մասնակցել է ԶԼՄ-ների միջև անցկացվող բազմաթիվ մրցումներին, որոնք տեղի են ունեցել Սանկ Պետերբուրգում, Քիշինևում, Երևանում, Սոչիում, Մոսկվայում, Օդեսայում, Բրյանսկում, Կլինցիում, Դրուսկինինկայում և Ստեփանակերտում: Հայաստանի լրագրողները մեկ անգամ դարձել են մրցաշարի հաղթող (2002 թվականին Երևանում) և 5 անգամ բրոնզե մեդալակիր: Իսկ ԱԹԱ-ն 2 անգամ հանդիսացել է այդ մրցումների կազմակերպիչ՝ 2002 թվականին Երևանում և 2008 թվականին Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի նախագահների հովանու ներքո:
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի կազմում հանդես են գալիս՝ Հայկ Միքայելյանը («Ավետիս» ՀԸ), Մհեր Ղալեչյանը («4-րդ իշխանություն» թերթ), Վարդան Հովսեփյանը (սպորտային լրագրող), Հակոբ Բադալյանը (lragir.am կայք), Նարեկ Վարազդատյանը (haymedia.am), Վահե Բոյաջյանը (անկախ լրագրող, վերլուծաբան), Տիգրան Հովհաննիսյանը («Իզվեստիա» թերթ), Վաչե Հաբետյանը, Գևորգ Գասպարյանը և Էմին Միրաքյանը (բոլորն էլ ԱԹԱ-ից):