12/09/2017 10:14
ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նոր կոալիցիա կկազմեն. «Ժողովուրդ»
Գնալով ավելի հստակ է ուրվագծվում 2018թ. ապրիլից հետո Հայաստանի նոր կառավարության կազմը։ «Ժողովուրդ»-ը գրել է, որ հաջորդ տարի ձևավորվելիք կառավարության կազմում երեք փոխվարչապետներից մեկի պորտֆելը կտրվի ԲՀԿ-ին (կամ որ նույնն է ՝ ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը), և այսպիսով ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն դարձյալ նոր կոալիցիա կկազմեն։
Այս հեռանկարը երեկ չի բացառել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը. լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է. «Ես կյանքում ոչ մի բան չեմ բացառում, բայց երբ որ լինի, ես ասում եմ՝ կարևորը իմ խոսքը, խոստումը ժողովրդին ես պահելու եմ, պահպանելու եմ»։
Հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը լինի վարչապետը, նա Ձեզ համար վարչապետի ցանկալի թեկնածո՞ւ է, նա ասել է, թե եթե-ներով հարցերին չի պատասխանում. «Երբ ՀՀԿ-ն համապատասխան իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կառաջարկի, այդ ժամանակ կասենք»։
Ս. Սարգսյանի վարչապետության դեմ ժողովրդի ընդվզման մասին էլ նա ասել է. «Ժողովուրդը ընդվզող էր, թող այդ ժամանակ ձայն տար՝ ում հավատում էր, հավատացել է, տվե՞լ են»։