12/09/2017 19:19
Լուիզա Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը և այլք՝ «Ամուսնացածների լիգա» նոր սիթքոմում (Լուսանկարներ, տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերության աշնանային եթերաշրջանում կմեկնարկի նոր սիթքոմ, որը կկրի «Ամուսնացածների լիգա» խորագիրը: Սիթքոմում նկարահանվել են Լուիզա Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Ջեմմա Ադամյանը, Ռաֆայել Երանոսյանը, Սերժոն, Տիգրան Գյուլումյանը և այլ դերասաններ: Ֆիլմաշարը եթերում կլինի յուրաքանչյուր երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 20:30-ին:
Սիթքոմը կպատմի երեք ամուսնացած զույգի առօրյայի և խնդիրների մասին: Հերոսները շատ տարբեր են, սակայն նրանց միավորում է ամուսնական կարգավիճակը:
«Ամուսնացածների լիգա». այդպես է կոչում հերոսներից մեկն այն կյանքը, որտեղ հայտնվում է մարդ հարսանիքից հետո: Այդտեղ գտնվելու համար հարկավոր է համբերություն, զիջելու ունակություն, հումոր և աշխատասիրություն:
Այս լիգայում չկան հաղթողներ և պարտվողներ, չկան մեծ դրամական պարգևներ. միակ մրցանակը, որին կարելի է արժանանալ` ամուսնու հետ միասին երջանիկ լինելն է:
Ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարիստը՝ Աշոտ Աբրահամյանը, պրոդյուսերները՝ Արման Միտոյան ու Սերժ Նալբանդյանը:
Հանրային հեռուստաընկերության նոր եթերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: