12/09/2017 17:05
Փորձում էի գտնել իմ Երևանը. Լևոն Շարաֆյանը 10 տարի անց Հայաստանում է
Շուրջ 16 տարի Ամերիկայի միացյալ Նահանգներում բնակվող ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանը 10 տարվա բացակայությունից հետո կրկին Հայաստանում է: Դերասանը կնոջ և կրտսեր որդու՝ Միքայել Շարաֆյանի հետ հայրենիք է ժամանակել երեկ, մնալու է մինչև հոկտեմբերի 10-ը: Aysor.am-ի հետ զրույցում խոստովանեց՝ չէր էլ պատկերացնում, որ երևանն այսքան փոփոխված կգտնի, ու դա, բոլորովին էլ ի վնաս մայրաքաղաքի չէ:
«Իմ սխալն այն էր, որ փորձում էի գտնել ի՛մ Երևանը՝ մոռանալով, որ անցել են տարիներ ու ես էլ եմ փոխվել: Բնական է՝ քաղաքը հին տեսքով չէր մնալու. նոր շենքեր, նոր զգեստ, նոր մենթալիտետ… Գիշերը տղաս՝ Արթուրը, տարավ ինձ քաղաքում ման տալու: Փողոցներ կային, որ ես չէի հիշում, ճանաչում: Գիշերվա ժամը 1-ին, 1:30 լիքը մարդ կար սրճարաններում, քաղաքն աշխույժ էր, ու դա, իհարկե, ուրախացրեց ինձ», - նշեց մեր զրուցակիցը:
Հարցին՝ արդյոք այսքան տարի Հայաստան չգալը պայմանավորված էր ԱՄՆ-ի քաղաքացիության կամ մեկ այլ խնդրով, պատասխանեց.
«Ես քաղաքացիության խնդիր չունեմ: Պարզապես այս 10 տարվա ընթացքում այնտեղ զբաղվածությունս շատ-շատ էր. նկարահանվել եմ 4 սերիալում, 3 գեղարվեստական ֆիլմում, խաղում էի նաև ներկայացումներում: Չէի կարող աշխատանքս ընդհատել ու գալ: Այդ ակտիվությունը հիմա մի քիչ հանդարտվել է, ես էլ որոշեցի առիթից օգտվել ու մեկ ամիս այստեղ անցկացնել: Այնպես որ, ոչ մի քաղաքական ու քաղաքացիական խնդիր չունեմ»:
Լևոն Շարաֆյանը ծնվել է Սիլաչի թաղամասում, 5-6 տարեկան էր, երբ տեղափոխվեցին 3-րդ մաս՝ «Սևան» կինոթատրոնի շենք, հետագայում էլ՝ Մաշտոցի պողոտա: Վերադարձից հետո նկատել է՝ Մաշտոցի պողոտայի վրա գտնվող իր բնակարանի տեղում, որը մեկնելիս վաճառել էր, այժմ խանութ է կառուցված:
«3-րդ մասում իմ հայրական տունն է, հիմա էլ պահպանվում է: Նախկինում այդտեղ մեծ որդիս՝ Արթուրն էր ապրում: Հիմա նա էլ մեզ մոտ՝ Ամերիկայում է, բայց տունը չենք վաճառել, կա», - ընդգծեց նա:
ՀԽՍՀ վաստակավոր արտիստն արդեն իսկ պլանավորել է, թե ինչպես է անցկացնելու հայաստանյան մեկ ամիսը: Նկատում է՝ այս տարիների ընթացքում ընկերներ է կորցրել, որոնց անպայման պետք է այցելի:
«Վերջին բարեկամս, ում կորցրեցի, Պերճ Զեյթունցյանն էր, ում ևս պետք է հարգանքի տուրք մատուցեմ… Շատ անելիքներ ունեմ, անպայման պետք է ընկերներիս, գործընկերներիս տեսնեմ, իմ հարազատ թատրոն գնամ», - զրույցը եզրափակեց Լևոն Շարաֆյանը:
Դերասանի հետ Aysor.am-ի ծավալուն հարցազրույցն ՝ առաջիկայում: